Փարիզ-Երևան ինքնաթիռը վթարային վայրէջք չի կատարել. Էյր ֆրանս

«Էյր ֆրանս» ավիաընկերությունը հերքում է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված լուրերը, թե հուլիսի 26-ին ավիաընկերության՝ Փարիզ-Երևան թռիչք իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին ասված է ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան «Էյր ֆրանսի»՝ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գլխավոր ներկայացուցչության մամուլի ծառայության տրամադրած պատասխանում:

««Էյր ֆրանսը» հաստատում է, որ 2014թ. հուլիսի 26-ին Փարիզից Երևան AF1060 չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել սահմանված կարգով՝ տեղական ժամանակով ժամը 20:51-ին:

Վայրէջքի առաջին փորձի ժամանակ անձնակազմը որոշում է ընդունել ընդհատել վայրէջքը՝ համարելով, որ այն չի համապատասխանում անվտանգության բոլոր պահանջներին: Երկրորդ պտույտը (ինքնաթիռի իջեցման և վայրէջքի ընդհատումը) կատարված է ավիացիոն իշխանությունների և նախագծողների ցուցումով՝ «Էյր ֆրանսի»՝ շահագործման գծով ղեկավարության հետ համաձայնեցված: Սա ստանդարտ գործընթաց է, որը կիրառվում է բոլոր ավիաընկերությունների կողմից, և երաշխավորում է ուղևորների և չվերթների անվտանգությունը, որն էլ «Էյր ֆրանսի» հիմնական գերակայությունն է»,- ասված է ավիաընկերության պարզաբանման մեջ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից էլ ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել էին, որ միջադեպի հետ կապված պետք է դիմել «Էյր ֆրանս» ընկերությանը:

«Տվյալ պարագայում մենք չենք կարող աղբյուր լինել»,- ասացին օդանավակայանի մամուլի ծառայությունում:

Հուլիսի 26-ին և 27-ին ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, թե «Էյր ֆրանսի»՝ Փարիզ-Երևան թռիչք իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել և «հրաշքով խուսափել է ավիաաղետից»։

Հաղորդվել էր, թե ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում կարողացել է վայրէջքկատարել միայն երկրորդ փորձից։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ առաջին անհաջող փորձից հետո օդանավը մոտ 40 րոպե պտտվել էր օդանավակայանի վերևում, որի ընթացքում ինքնաթիռը խիստ ցնցվել էր։

Մեկնաբանել