Վրաստանում կրոնական փոքրամասնությունների խտրականության հարցը` ՄԱԿ-ում

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը հուլիսի 7-14-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում Վրաստանում հռոմեա-կաթոլիկ եկեղեցու, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի, Վրաստանում ավետարանական-լյութերական եկեղեցու և Վրաստանում ավետարանական-բապտիստական եկեղեցու անունից մասնակցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի նիստերին:

Թեմի տարածած հաղորդագրության համաձայն` կոմիտեում քննարկվել է Վրաստանի զեկույցը՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների Միջազգային համաձայնագրի իրականացման մասին:

Լևոն Իսախանյանը Կոմիտեի անդամներին ներկայացրել է տեղեկատվություն Վրաստանում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վերաբերյալ և նշել նրանց նկատմամբ խտրականության կոնկրետ փաստեր, որոնք ընդգրկված չէին պետական իշխանության ներկայացուցիների կազմած զեկույցում:

Կոմիտեի անդամների ուշադրությանն է ներկայացվել մանրամասն զեկույց Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության մասին, ինչպես նաև Վրաստանի Հայ առաքելական, Հռոմեա-կաթոլիկական, Լյութերական և Բապտիստական եկեղեցիների առաջնորդների նամակը՝ ուղղված Կոմիտեի նախագահին:

Թեմի հաղորդագրության համաձայն` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի անդամներին մտահոգել են ներկայացված փաստերը: Կոմիտեի փոխնախագահ Յադ Բեն Աշուրը նշել է, որ տպավորություն է ստեղծվում, թե պետությունը չի կատարում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը արմատախիլ անելու ուղղությամբ իր պարտականությունները: Բեն Աշուրը արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի կողմից գլխավորվող պատվիրակության առջև դրել է հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են խորհրդային ժամանակաշրջանում կրոնական փոքրամասնություններից բռնագրավված ունեցվածքը վերադարձնելուն, կրոնական փոքրամասնությունների հասցեին վիրավորանքներին և դրանց խափանման գործում պետական մարմինների պասիվությանը, կրոնական անհանդուրժողականության հիման վրա կատարված հանցագործությունների հետաքննության արդյունքներին:

Այս ֆոնին ուշագրավ է Թբիլիսում վերջերս տեղի ունեցած միջադեպը: Վիրահայոց թեմի տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 19-ին` երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես էր եկել հայտարարությամբ, որով դատապարտել էր եկեղեցու վրա հարձակման միջադեպը: Վրաստանի ներքին գործերի նախարարությունն էլ հայտարարել էր, որ միջադեպը էթնիկ բնույթ չի կրում:

Միջադեպի կապակցությամբ Լևոն Իսախանյանի` ՍիվիլՆեթին տված հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել