Հրապարակվել են Արցախում զոհված զինվորների անունները

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հուլիսի 31-ին ադրբեջանական հարձակման արդյունքում զոհված զինծառայողների անունները՝ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: Զոհվածների մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել։

«Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ»,- նշված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը սրվել է: Հուլիսի 31-ի երեկոյան կրակը չի դադարել նաև Տավուշի Դովեղ և Բարեկամավան գյուղերի ուղղությամբ: