Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հարցը՝ ԵԱՀԿ-ում

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը օգոստոսի 14-ին կազմակերպության Մշտական խորհրդի հատուկ նիստում հանդես է եկել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ հայտարարությամբ։

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դեսպանը խստիվ դատապարտել է Ադրբեջանի սադրանքները, որոնք հանգցրել են մի շարք զոհերի և մեծացրել լարվածությունը տարածաշրջանում։ Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 1994թ. մայիսի և 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնագրերը և անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության կոչերը՝ զերծ մնալու սադրիչ քայլերից ու կարգավորելու հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։

Արման Կիրակոսյանը խոր մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանցի զինվորականները սկսել են կիրառել ծանր զենք, ինչպես նաև շարունակում են գնդակոծել սահմանային գյուղերն ու քաղաքացիական անձանց։ Նա անընդունելի է համարել հայկական Չինարի գյուղում մարդասիրական հանձնառությամբ գտնվող Կարմիր խաչի մեքենայի գնդակոծումը։

Հայաստանի դեսպանը դատապարտել է պատահաբար ադրբեջանական տարածքում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հրապարակային նվաստացումը, կտտանքների ենթարկելը, որոնք վերջինիս մահվան պատճառ են դարձել։

Նա ընդգծել է, որ Բաքուն, մերժելով միջնորդների առաջարկությունը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին, դրանով իսկ ստանձնում է հրադադարի խախտումների և մարդկային զոհերի համար ամբողջ պատասխանատվությունը։

Դեսպանը վերահաստատել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման կարևորությունը ու նշել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի սադրանքները կանխարգելելու, իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի շարունակման ուղղությամբ՝ արցախյան հիմնահարցը բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով։

Կիրակոսյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի նախաձեռնած Հայատանի և Ադրբեջանի նախագահների օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանը կհրաժարվի հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից, վերջ կտա սադրանքներին ու փոխարենը ջանքեր կներդնի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Մեկնաբանել