Յակուտիան հայրենիք չի դառնալու

Յակուտսկի հայկական եկեղեցին։

Ռուսաստանի տարածքի ամենամեծ վարչատարածքային սուբյեկտում՝ Սախայի Հանրապետությունում (Յակուտիա), բացվել է հայկական եկեղեցի: Ռուսական և հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ այն աշխարհի ամենահյուսիսային հայկական եկեղեցին է, որը պետք է բավարարի տեղի 5000-հոգանոց հայ համայնքի հոգևոր կարիքները: Կարծես թե Սախայում նույնպես հայապահպանության կարևոր կենտրոն ենք ունենալու:

Բնակլիմայական դաժան պայմաններով հայտնի Յակուտիան բնակեցնելը կարևոր հարց է եղել ռուսական տարբեր իշխանությունների համար: Ռուսական հյուսիսը բնակեցնելու համար օգտագործվել է թե՛ միլիոնավոր աքսորյալների ներուժը, թե՛ արտոնությունների հետևից այստեղ եկածների եռանդը: Ռուսական տարբեր իշխանությունների ջանքերին այսօր միանում է սփյուռքահայ բիզնեսն ու հայ եկեղեցին՝ խրախուսելով հայերի ներկայությունը Յակուտսկում: Համաձայնեք, որ սա զգալի առաջընթաց է վերջին հարյուրամյակում: Եթե աթեիստական Խորհրդային Միությունում Ստալինը Սիբիրը բնակեցնում էր բռնի ձևով՝ խորհրդային քաղաքացիներին վերածելով աքսորյալների ու ձրի աշխատուժի հյուսիսային անսպառ բնական պաշարները յուրացնելու գործում, ապա ռուսաստանահայ մեր հայրենակիցներն ու հայոց եկեղեցին ուղղակի պայմաններ են ստեղծում նախկին աքսորավայրերում հայապահպանության և հայկական համայնքի զարգացման համար:

Հայությունն աստիճանաբար վերածվում է Հայրենիքից դուրս գտնվող համայնքների՝ Հայաստանից բերված տուֆից պատրաստված եկեղեցիների շուրջ: Նույնիսկ անկախ պետականություն ունենալուց հետո մենք չհասկացանք, որ գլխավորը հայաստանապահպանությունն է և ոչ թե հայապահպանությունը: Յակուտսկում հինգ հազարանոց համայնքի համար հայկական եկեղեցու կառուցումը ցույց է տալիս, որ մենք բավական հեռու ենք հայաստանապահպանության, հայաստանաշինության գաղափարից ու որպես ժողովուրդ ձգտում ենք ոչ թե ազգ դառնալ, այլ կազմակերպված համայնքների ամբողջականություն, կենսաբանական հումք՝ այլ ազգերի հզորացման ու զարգացման համար: Անընդունելի է Սփյուռքի բոլոր այն կազմակերպությունների գոյության իմաստը, որոնց գերնպատակը հայրենադարձությունը չէ:

Աշխարհի ամենադաժան բնակլիմայական պայմաններ ունեցող Յակուտսկում հինգ հազար հայ է ապրում, այնինչ Արցախի ազատագրումից, տարածքի եռապատկումից հետո քսանհինգ տարվա ընթացքում մենք այստեղ Ստեփանակերտից բացի հինգ հազար բնակիչը գերազանցող բնակավայր չունենք: Եվ հենց սա է ողբերգությունը: Հայկական պետություններն ու Սփյուռքի կառույցները չկարողացան հայաստանապահպանությունը վեր դասել հայապահպանումից, ինչի պատճառով էլ այսօր ծաղկում են ոչ թե հայկական պետությունները, այլ Սփյուռքը: Այդպես էլ չկարողացանք ընդունել, որ այլ երկրներում հայը դադարում է լիարժեք հայ լինելուց ու վերածվում է ռուսահայի, ֆրանսահայի կամ ամերիկահայի, որոնք էլ մեկից երրորդ սերունդ ընկած ժամանակաշրջանում վերածվում են ռուսի, ֆրանսիացու, ամերիկացու:

Ի վերջո պետք է ընդունենք, որ յակուտսկներում եկեղեցի կառուցող ժողովրդից պետք է անցում կատարենք հայրենի շեները զարգացնող ժողովրդի, այլապես դատապարտված ենք հավերժ սփռված մնալու: