Հայրիկյանի հերթական հանրահավաքը՝ սեպտեմբերի 12-ին

«Ազգային ինքնորոշում կուսակցության» առաջնորդ Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 12-ին ժամը 16:30-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: ԱԻՄ առաջնորդը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով սեպտեմբերի 7-ից հացադուլ է սկսել: Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները, մասնավորապես՝ նախագահ Սերժ Սարգսյանը, ձախողել են երկրի կարևորագույն հարցերում՝ հատկապես արտաքին հարաբերությունների ոլորտի: Նա նշել էր, որ հացադուլի առաջին երեք օրերին, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտա ինքը «հացադուլը կշարունակի ավանդական կարգով»: «Ամեն օր ժամը 17-18-ը կլինեմ նախագահականի դիմաց՝ սպասելով Սերժ Սարգսյանի հրաժարականին», -ասել էր Հայրիկյանը:

Հայրիկյանի նախորդ հանրահավաքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 8-ին՝ կրկին Ազատության հրապարակում, որտեղ նա հանդես էր եկել ուղերձով՝ առավել մանրամասն ներկայացնելով հացադուլ սկսելու իր դրդապատճառները:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Հայրիկյանը տեղեկացրեց, որ ինքը դեռ շարունակում է հացադուլը, ավելին՝ իրեն են միացել ևս 6 հոգի՝ բոլորը աիմականներ: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 12-ի հանրահավաքին՝ ԱԻՄ առաջնորդը նշեց, որ հստակ չի կարող ասել՝ կլինի որևէ կոնկրետ հայտարարություն կամ երթ: «Իմ նպատակը պարզ բողոքի ցույցն է, որպեսզի պատմության մեջ գրվի, որ Հայրիկյանը իր ձայնը բարձրացրեց Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականության դեմ»,- ասաց Հայրիկյանը:

Մեկնաբանել