Արցախում ջահերով երթ կանցկացվի՝ ի պաշտպանություն եզդիների

Սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտում տեղի կունենա ջահերով երթ ի պաշտպանություն Իրաքի եզդիների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Լեռնային Ղարաբաղի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։

Ջահերով երթի կազմակերպիչներն են մի խումբ հայկական և եզդիական կազմակերպություններ: «Երթով մեր զորակցությունն ենք հայտնելու Իրաքում ցեղասպանության եթարկվող եզդի ժողովրդին: Բոլորիս պարտքն է թե՛ կանխելու նոր ցեղասպանությունները, թե՛ հնարավորինս աջակցելու մեր եղբայրական ժողովրդին:

Ո՛չ ցեղասպանություններին»,- գրել է Բեգլարյանը։

«Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորումը վերջին մի քանի ամիսներին գրավել է մի շարք խոշոր քաղաքներ և բնակավայրեր Իրաքում և Սիրիայում, այդ թվում Իրաքի երկրորդ խոշոր քաղաք Մոսուլը, որտեղ մեծ թվով եզդիներ են բնակվում։ Խմբավորումը հետապնդում է եզդիներին և նրանց զանգվածային ջարդերի ենթարկում կրոնական դրդապատճառներով: