ՆԱՏՕ-ն կորցրել է գոյության իմաստը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը ծավալուն հարցազրույց է տվել՝ խոսելով մի շարք հրատապ թեմաների մասին։ Լավրովը հայտարարել է, թե «ՆԱՏՕ-ն կորցրել է գոյության իմաստը և տենդագին փնտրում է այն »։ Հարցազրույցից հատվածներ ներկայացված են ստորև:

«Հիշում եմ, թե տասը տարի առաջ ինչպես էին ընդլայնում Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն՝ հապճեպ ընդունելով ոչ միայն Տնտեսական փոխօգնության խորհրդի և Վարշավայի պայմանագրի նախկին անդամ արևելաեվրոպական երկրներին, այլև մերձբալթյան երեք հանրապետություններին։ Եվրամիությունը մի կողմ թողնենք՝ սա տնտեսություն է։ Եթե այլ պետությունների և կազմակերպությունների առջև պարտավորությունների կատարման համար վնաս չկա, ո՞վ կարող է առարկել։

Իսկ ՆԱՏՕ-ի բլոկը, մեր խորին համոզմամբ, կորցրել է գոյության իմաստը և տենդագին փնտրում է այն։ Աֆղանստանից հետո պարզ դարձավ, որ այս թեման այլևս չի միավորում դաշինքը, և Բրյուսելում ուրախությամբ շտապեցին խաղարկել ռուսական խաղաթուղթը՝ որոշելով մեզ ներկայացնել որպես սպառնալիք։ Այժմ այս գաղափարը բորբոքում են, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի՝ վերջերս Նյուպորտում կայացած գագաթաժողովին, թեև հենց այդ օրերին՝ շնորհիվ Ռուսաստանի ջանքերի բացվեց ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հեռանկարը»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հարցրել է արևմտյան գործընկերներին՝ հա՞րկ է արդյոք ընդլայնել ՆԱՏՕ-ն, գուցե ավելի լավ է մտածել ԵԱՀԿ կատեգորիաներում՝ բոլորի համար հավասար և միասնական անվտանգության մասին։ «Մեզ ասում էին՝ հասկանո՞ւմ եք՝ մերձբալթյան երկրները վախեր ունեն ԽՍՀՄ կազմում լինելուց հետո, նրանք այնպես ձգտում էին անկախության, ձեռք բերեցին այն, բայց նախկինի պես վախենում են ձեզնից։ Այ, կընդունենք ՆԱՏՕ, նրանք կհանգստանան, և ձեր հարաբերությունները միանգամից անխռով կդառնան։

Եվ ի՞նչ։ Տասնամյակ է անցել, դաշինքի հովանոցը Մերձբալթիկայի վերևում բաց է, բայց ազատվե՞լ են արդյոք այնտեղ երևակայական վախերից։ Ընդհակառակը։ Օրինակ՝ Լիտվան համաեվրոպական համագործակցության զարգացման հայեցակարգային շատ հարցերում անգամ ամերիկյան շոգեքարշից էլ առաջ է անցնում։

Այժմ մերձբալթյան հանրապետությունները՝ Լեհաստանի հետ միասին, ՆԱՏՕ-ին խնդրում են հակահրթիռային պաշտպանության համակարգն ուղղել Ռուսաստանի վրա։ Սակայն ո՞ր մի ողջամիտը այսօր լուրջ կմտածի Եվրոպա մեր ներխուժման մասին։ Դա բացառված է»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Նա նշել է, որ դրված է Ռուսաստանին հավասարակշռությունից հանելու նպատակ։ «Չլիներ Ղրիմը և Ուկրաինայի հարավ-արևելքը, Արևմուտքը ինչ-որ այլ բան կհնարեր։ Դրված է նպատակ՝ ամեն գնով Ռուսաստանին հանել հավասարակշռությունից»,- ասել է Լավրովը։

Մեկնաբանել