34 մլն դրամ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից՝ Եվրոպական ակադեմիային

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ավելի քան 34 մլն դրամ է հատկացրել՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից չորրորդ լաբորատորիան ստեղծելու նպատակով, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից։

Լաբորատորիան բացվել է սեպտեմբերի 11-ին՝ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության և ԵԿՏԱ-ի համագործակցության շրջանակում։ Երեք տարվա ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի օժանդակությամբ ստեղծվել է ուսումնական չորս լաբորատորիա, որոնց համար ընկերությունն ընդհանուր առմամբ հատկացրել է շուրջ 108 մլն դրամ։ Իր հերթին՝ «Սինոփսիս Արմենիա»-ն ԵԿՏԱ-ին անվճար հիմունքներով տրամադրել է էլեկտրոնային ավտոմատ նախագծման՝ «Սինոփսիսի» համապարփակ, իրենց ոլորտում առաջատար և լիովին լիցենզավորված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման համալսարանական ծրագրային փաթեթներ։

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ներդրած ֆինանսական աջակցության շնորհիվ լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին, այն կապահովվի համակարգչային տեխնիկայով։ Կհատկացվեն նաև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարները։