Բասկյան մարզերից մեկը ճանաչել է Արցախը

«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի երկիր և մի շարք հանդիպումներ ունեցել տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

Ինչպես հաղորդում են  «Հայաստանի Եվրոպացի Բարեկամների» մամուլի ծառայությունից,  Սան Սեբաստիանում նախարարը հանդիպել է Գիպուզկոա մարզի նախագահ Մարտին Գարիտանոյին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի և Բասկերի Երկրի միջև հետագա համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Գիպուզկոայի կառավարության անունից Գիպուզկոայի նախագահ Մարտին Գարիտանոն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը:

«Այս ժողովրդի տառապանքին պետք է վերջ դրվի, քանի որ նրանք արժանի են ազատ և անկախ երկիր ունենալուն, որը կերաշխավորի ապագա պետականություն և լեզվի ու մշակույթի լիակատար պահպանում»,- նշել է Գարիտանոն:  

Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Գիպուզկոայի կառավարության մարդու իրավունքների և միջազգային համագործակցության կառույցների հետ, զրուցել է հիդրոէլեկտրակայանի ինժեներական ընկերության և գյուղատնտեսական կազմակերպության ներկայացուցիչների հետ:    

Գիպուզկոա մարզը Բասկերի երկրի երեք մարզերից մեկն է, որի մայրաքաղաքն է Սան Սեբաստիանը: Լինելով Իսպանիայի ամենափոքր մարզը, Գիպուզկոան ունի ավելի քան 700.000 բնակիչ (բասկերի բնակչության մեկ երրորդը): Մարզի տնտեսությունը հիմնված է երեք ոլրտների՝ առևտրի, մետաղագործության և տուրիզմ: Գիպուզկոան գրանցել է տարեկան մոտ 32 000€ մեկ շնչին ընկնող ՀՆԱ, ինչը 28%- ով բարձր է Եվրամիության ընդհանուր ցուցանիշից:

Առաջին անգամ ԼՂ-ն ճանաչում է ստանում եվրոպական ենթապետական մակարդակով՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս և ԱՄՆ մի շարք նահանգներից հետո: