Սերժ Սարգսյանը նշանակել է Աղվան Հովսեփյանի տեղակալներին

Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 12-ի հրամանագրով Արամ Թամազյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Թամազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Արամ Թամազյանը 1996-2001 թթ. զբաղեցրել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնը, 2001-2004 թթ.՝ գլխավոր դատախազի պաշտոնը։ 2005 թ. հունիսի 9-ին նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ։

Նախագահի հրամանագրով պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը: Վերջինս ՀՔԾ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարն է:

Արթուր Ղամբարյանը ևս նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Ազգային ժողովը 2014թ. մարտի 11-ին ընդունել էր «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը և դրա հետ առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը: Օրինագծով նախատեսվում էր ստեղծել նոր մարմին` միասնական քննչական կոմիտե` նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը և նախաքննության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հրամանագիր էր ստորագրել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու մասին:

Մեկնաբանել