Վիրահայոց թեմը հայկական մարդահամար է անցկացնում

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի նախաձեռնությամբ հայկական ծագում ունեցող Վրաստանի քաղաքացիների շրջանում մարդահամար է անցկացվում: Վիրահայության տվյալների հավաքագրումը իրականացնում են վիրահայոց թեմի երիտասարդները: Նրանք արդեն ավարտել են Թբիլիսիում և Մառնեուլիի գյուղերում ապրող հայերի տվյալների հավաքագրումը:

Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանն ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ մարդահամար անցկացնելու անհրաժեշտությունն առաջացել է Վրաստանում ապրող հայերի մասին ամբողջական տեղեկատվության բացակայությունից:

«Հաշվում ենք, թե քանի հոգի ենք հայ և ինչով կարող ենք օգտակար լինել մեկը մյուսին: Շատ կարևոր է այս մարդահամարը, քանի որ հնարավորություն է տալիս մեր համայնքը համախմբելու»,- նշեց Իսախանյանը՝ հավելելով, որ մարդահամարն անցկացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տեսել են,  որ Վրաստանում շատ հայ ծագում ունեցող մարդկանց մասին համայնքը կամ թեմը որևէ տեղեկություն չունի:  Նրա խոսքով՝ մարդահամարի միջոցով նպատակ ունեն հասնել հայերի միջև շփման զարգացմանը:

Մարդահամարին ներկա դրությամբ մասնակցել  է Վրաստանի՝ ավելի քան քսան հազար հայկական արմատ ունեցող քաղաքացի: Իսախանյանը հավաստիացրեց, որ մարդահամարն ինքնաֆինանսավորվում է: Նա նշեց, որ տարբեր բնակավայրեր այցելելիս ծանոթանում են տեղացիների խնդիրներին՝ դրանք մայրաքաղաքում բարձրաձայնելու համար:

«Հարցերի լուծումը փորձում ենք գտնել Վրաստանում եղած ռեսուրսների կոնտեքստում»,- ընդգծեց Լևոն Իսախանյանը:

Վրաստանի Հանրապետության կողմից անկացված վերջին՝ 2002 թ. մարդահամարի  տվյալներով, երկրում ապրում է 250 հազար հայ: Հաջորդ մարդահամարը նախատեսված է այս տարվա նոյեմբերին:

Տեսանյութը դիտեք այստեղ: