Կալանավորի վիճակը վատանում է, բայց նա չի դադարեցնում հացադուլը

Լուսանկարում՝ Տիգրան Մելիքյանը (աջից) և նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 4-ից հացադուլ սկսած կալանավոր Տիգրան Մելիքյանի վիճակը հետզհետե վատանում է: Երեկ նրան այցելած բժիշկը զննություն է կատարել և արձանագրել է, որ Տիգրան Մելիքյանին հակացուցված է հացադուլը, քանի որ վերջինս ստամոքսի խոցային հիվանդություն ունի: Տիգրան Մելիքյանի քույր Նառա Մելիքյանը տեղեկացրեց, որ այս ձևով Տիգրանը շարունակում է իր բողոքն արտահայտել:

Գրող Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու՝ Լոռու մարզի «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեղադրանքով անցյալ տարվա մայիսից կալանքի մեջ գտնվող Տիգրան Մելիքյանը, դիմելով ծայրահեղ քայլերի, հացադուլ է հայտարարել՝ արդար դատաքննության պահանջով:

Ըստ նրա՝ անտառապետի մահվան և դրան հանգեցրած միջադեպի իրական պատճառը «Դսեղի» անտառտնտեսությունում լայնածավալ և շարունակական ապօրինի անտառահատումներն են : Բայց, ըստ մեղադրյալի, պետական մակարդակով իրականացվող հանցագործությունը, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց անունների հետ է կապված, պետության կողմից էլ փորձ է արվում կոծկել և դեպքը դատարանում ներկայացնել որպես կենցաղային հողի վրա կատարված դիտավորյալ սպանություն: Մեղադրյալը պահանջում է գործի օբյեկտիվ քննությունն ապահովել՝ հատուկ խմբի կողմից լայնածավալ ստուգումներ իրականացնել «Դսեղի» անտառպետությունում, չազդել գործով վկաների վրա, վերծանել իր և հանգուցյալի հեռախոսահամարների ելքային և մուտքային բոլոր զանգերը և այլն:

Հացադուլն սկսելու օրը կալանավորը դիմում է ուղարկել նաև Շիրակի մարզի դատախազի տեղակալ, գործով մեղադրող դատախազ Արմեն Շիրոյանին՝ իր պահանջները ներկայացնելու համար անձամբ հանդիպում խնդրելով նրա հետ, բայց մինչ օրս ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չի ստացվել դատախազի կողմից:

Ադրինե Թորոսյան, Վանաձոր

Մեկնաբանել