Ռեալը կրկին պարտվում է Ատլետիկոյին․ Իսպանիայի առաջնություն

Այսօր կայացել է ոչ միայն Իսպանիայի առաջնության երրորդ տուրի, այլ դրա առաջին կեսի կենտրոնական հանդիպումներից մեկը։ Մադրիդյան դերբիում ուժերը չափում էին տեղի երկու թիմերը՝ «Ռեալն» ու «Ատլետիկոն»։

«Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում «Ռեալը» պետք է փորձեր վրեժ լուծել «Ատլետիկոյից» Իսպանիայի սուպերգավաթում կրած պարտության համար։ Սակայն այս անգամ էլ «արքայական» ակումբը զիջել է մրցակցին։

10-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է հյուրերի ֆուտբոլիստ Տիագոն։ Թեպետ 26-րդ րոպեին «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն 11-մետրանոցից հավասարեցրել է հաշիվը, այդուհանդերձ վերջին խոսքն ասել է «Ատլետիկոն»։ 76-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Արդա Թուրանը։

Հիշեցնենք, որ այս թիմերի վերջին հանդիպումն ավարտվել էր «Ատլետիկոյի» հաղթանակով։ Օգոստոսին կայացած մրցամարտում Դիեգո Սիմեոնեի սաները երկու խաղի արդյունքում հաղթել էին 2։1 հաշվով և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը։

Մեկնաբանել