Հանրաքվե Շոտլանդիայում. Էլիզաբեթ II-ը խորհուրդ է տալիս մտածել

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը հուսով է, որ «մարդիկ հանգամանորեն կմտածեն ապագայի մասին» մինչև Շոտլանդիայի անկախության հանրաքվեին քվեարկելը:

Ինչպես փոխանցում է BBC-ն, այսպիսին է եղել Բրիտանիայի միապետի առաջին հրապարակային արձագանքը սեպտեմբերի 18-ին նախանշված հանրաքվեի վերաբերյալ:

Թագուհին այս մասին ասել է Շոտլանդիայում Բալիմոր ամրոցի մոտ գտնվող եկեղեցու մոտ իրեն ողջունելու համար մոտեցած անցորդին: Երբ վերջինս կիրակնօրյա պատարագից հետո մոտեցել է և հումորով ասել, թե հանրաքվեի հարցին չեն անդրադառնա, թաագուհին ասել է. «Ես հույս ունեմ, որ մարդիկ հանգամանորեն կմտածեն ապագայի մասին»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Էլիզաբեթ II-ը աճող մտահոգություն է ցուցաբերում շոտլանդական հանրաքվեի հնարավոր արդյունքի վերաբերյալ:

Այս մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես կոչ Միացյալ Թագավորության կազմում Շոտլանդիայի պահպանման վերաբերյալ: Սակայն Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 10-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-րդը Շոտլանդիայի անկախության վերաբերյալ գալիք հանրաքվեին նվիրված հանրային քննարկմանը չի մասնակցելու։

«Ցանկացած ենթադրություն առ այն, որ թագուհին ցանկանում է ազդել ընտրարշավի ելքի վրա հանրաքվեի նախաշեմին, կտրականապես չի համապատասխանում իրականությանը։ Ձերդ գերազանցությունը պարզապես կարծում է, որ դա Շոտլանդիայի ժողովրդի գործն է»,- ասված է հայտարարությունում։

Բուքինգհեմյան պալատը նշել է, որ երկրի քաղաքական կյանքին միապետի չմիջամտությունը Բրիտանիայում ժողովրդավարության սկզբունքներից մեկն է։

«Միապետը վեր է քաղաքականությունից, և պետական պաշտոններ զբաղեցնող քաղաքական գործիչները պարտավոր են այնպես անել, որ դա մնա այդպես»,- ասված է հայտարարությունում։

Անցյալ շաբաթ հրապարակվել էին բրիտանական Sunday Times պարբերականի պատվերով Yougov հետազոտական ընկերության իրականացրած հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ Շոտլանդիայի անկախության կողմնակիցների թիվն առաջին անգամ գերազանցել էրառանձնացման հակառակորդների թիվը։

Ըստ հարցման՝ շոտլանդացիների 51%-ը հանդես է գալիս հօգուտ անկախացման, 49%-ը դեմ է։

Սեպտեմբերի 18-ին քվեարկողները պետք է պատասխանեն մեկ հարցի՝ «Պե՞տք է արդյոք Շոտլանդիան լինի անկախ երկիր»։

Մեկնաբանել