Հայաստանն այն երկրներից է, որտեղ քաղաքական ուժերն առավելապես կախված են բիզնեսից: Շատ հաճախ որևէ քաղաքական ուժ հովանավորվում է միայն մեկ գործարարի կողմից՝ այդ գործարարի համար դառնալով լրացուցիչ ռեսուրս իր բիզնեսի գոյատևման համար: Իշխանություններին դեմ գնալն այդ գործարարների համար որպես կանոն բերում է լուրջ հետևանքների՝ աղետալի կորուստներով: Եթե այլ երկրներում գործարարները սատարում են այս կամ այն քաղաքական ուժին կամ գործչին որևէ բիզնես ոլորտի լոբբինգի համար, ապա Հայաստանում այդ ամենը տեղի է ունենում սեփական գոյությունը պաշտպանելու, իսկ եթե ստացվի՝ նաև արտոնյալ ու մենաշնորհային պայմաններ ունենալու համար: Մերօրյա Հայաստանում գրեթե անհնար է պատկերացնել միջին ու խոշոր բիզնես, որը քաղաքական տանիք չի փնտրում: Երազանքի պես մի է դարձել այնպիսի Հայաստան տեսնելը, որտեղ գործարարությամբ զբաղվելը կախված չի լինի այս կամ այն քաղաքական ուժին համակրելուց կամ ընդհանրապես քաղաքականությանը չխառնվելուց:
Սերժ Սարգսյանի նախագահության տարիները ցույց տվեցին, որ խնդիրներ կարող են ունենալ ոչ միայն իշխանությանը չհամակրող գործարարները, այլև իշխող կուսակցությանը մշտապես սատարածները և իշխանության հետ նույնացվողները: Սա արդեն խաղի կանոնների լուրջ փոփոխություն է, ավելի շուտ՝ խաղի կանոնների բացակայություն:
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների շեշտակի անկումը մեծապես պայմանավորված է ոչ թե համաշխարհային տնտեսական ճգնաժամով, այլ հենց խաղի կանոնների վերոնշյալ փոփոխությամբ: Ի դեպ, այս միտումը շարունակվում է, բիզնեսը կենտրոնանում է մի քանի հոգու ձեռքերում: Այս մի քանի հոգին ամեն օր հզորանում ու հարստանում են և հսկողություն սահմանում նորանոր ոլորտների վրա: Հարստությունն ու հզորությունը թույլ են տալիս նրանց հսկողություն սահմանել զանգվածային լրատվամիջոցների վրա, օգտագործել հասարակական կարծիքի մանիպուլյացիայի նորանոր ձևեր, իշխանության պահպանման ու վերարտադրության համար ներգրավել բազմաթիվ ծախու քաղաքական գործիչների, որոնք ժամանակին որոշակի հեղինակություն են ունեցել հասարակության մոտ:
Հայաստանյան հասարակության ինքնակազմակերպման մակարդակը բավականին ցածր է, մեծ է անտագոնիզմի և իռացիոնալության աստիճանը: Միակ ուժը, որը կարող է հակազդել ընթացող զարգացումներին և թույլ չտալ ներկա խաղի կանոնների վերարտադրություն, հայաստանյան բիզնեսն է: Ի դեպ, այս բիզնեսի՝ իշխանությունների դեմ դուրս գալը մեծապես պայմանավորված է ինքնապաշտպանության բնազդով: Կա՛մ կփոխվեն խաղի կանոնները, կա՛մ նրանք կդադարեն գոյություն ունենալ: Սերժ Սարգսյանի քաղաքականությունը հայաստանյան բիզնեսի մեծ մասին պարտադրել է կենաց ու մահու պայքար:
Հանրապետական կուսակցության միահեծան իշխանության վերարտադրությունը կհանգեցնի դեռևս Սարգսյանի հարազատներին չանցած բիզնեսների ոչնչացման: Վերարտադրության ձախողումը կբերի նոր հնարավորությունների ոչ միայն բիզնեսի համար, այլև հասարակության դերի բարձրացման տեսանկյունից: