Կաբաևան խոշոր մեդիահոլդինգ կգլխավորի

Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևան կզբաղեցնի ռուսական «Ազգային մեդիա խումբ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին հաղորդել է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներքին և արտաքին հաղորդակցության հարցերով փիար-տնօրեն Օկսանա Ռազումովային։

Նրա խոսքով՝ տնօրենների խորհրդի ժողովը կգումարվի առաջիկայում, այդ ժամանակ էլ կընդունվեն անհրաժեշտ որոշումները։

Կաբաևան արդեն վեց տարի է՝ գլխավորում է «Ազգային մեդիա խմբի» հանրային խորհուրդը։

Սեպտեմբերի 15-ին՝ ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Պետդումայի պատգամավոր Կաբաևան սեփական ցանկությամբ լիազորությունները վաղաժամ վայր դնելու դիմում է ներկայացրել՝ պայմանավորված նոր աշխատանքով։ Պետդումայի՝ կանոնակարգի հարցերով հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Պոպովի խոսքով՝ Դուման հնարավոր է՝ դիտարկի այս հարցը սեպտեմբերի 16-ին։

«Ազգային մեդիա խումբ» հոլդինգը Ռուսաստանի մասնավոր խոշորագույն մեդիահոլդինգներից մեկն է, որի կազմում են՝ «Պետերբուրգ-Հինգերորդ ալիք» հեռուստառադիոընկերությունը (72,4%), «Առաջին ալիք» ԲԲԸ-ն (25%), «ՌԵՆ ՏՎ» հեռուստաալիքը (68%), «Իզվեստիա» թերթը (73,2%) և «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանը (100%)։ Հոլդինգի կայքում ասված է, որ 2013-ին «Ազգային մեիդիա խումբը» վերահսկողություն է ստացել Պետերբուրգում «Մետրո-Պետերբուրգ» թերթի նկատմամբ, 2014-ին ձեռք է բերել «Արթ Փիքչերս Վիժն» ՍՊԸ-ի՝ Ռուսաստանում հեռուստաֆիլմերի և սերիալների առաջատար արտադրողներից մեկի հիմնադիր կապիտալի 50%-ը։

Ալինա Կաբաևայի անվան հետ կապված են մի շարք շշուկներ։ Մասնավորապես՝ լուրեր են պտտվում, որ նա սիրային հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

2008թ․ «Մոսկովսկի կորեսպոնդենտ» թերթը գրել էր Կաբաևայի և Պուտինի գալիք հարսանիքի մասին (չնայած այն բանին, որ Պուտինը պաշտոնապես ամուսնալուծվել է 2013-ին

Այս տեղեկատվությունը հերքվել էր, իսկ թերթը՝ փակվել։ Ինքը՝ Պուտինը, պատասխանելով օտարերկրացի լրագրողի հարցին մամուլի ասուլիսին՝ 2008-ին, ասել էր, որ «այդ պատմության մեջ որևէ ճիշտ խոսք չկա»։

Ալինա Կաբաևան սպորտային կարիերան ավարտեց 2007-ին և նույն տարում էլ դարձավ Պետդումայի պատգամավոր՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից։

Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում՝ հրապարակված 2014թ․ մարտին «Օգոնյոկ» ամսագրի կողմից, նա զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։

Մեկնաբանել