Լեհաստանը Հայաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր. փոխարտգործնախարար

Սեպտեմբերի 16–ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկուն, որը Երևան է ժամանել` արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, հաղորդում են արտգործնախարարության մամլո ծառայությունից։

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-լեհական հարաբերությունները և նշել, որ այս համատեքստում կարևոր էին 2011թ. Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան և 2013թ. Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստան, որոնք նոր խթան հանդիսացան երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փոխնախարար Օրլովսկին նշել է, որ նոր պաշտոնում նշանակվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցելությունն է, ընդգծել, որ Լեհաստանը Հայաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր և ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել բազմաբովանդակ համագործակցությունը։

Զրույցի ընթացքում կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կառույցներում համագործակցության սերտացումը, առևտրատնտեսական կապերի խորացումը, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացումը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության վերաբերյալ:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների: