Մայր Աթոռում մեկնարկել է Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 18-ին Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ սկսվել է Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ եռօրյա ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, հաղորդում են Մայր Աթոռի մամլո դիվանից:

Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, այնուհետ կաթողիկոսը հայրապետական իր պատգամն է ուղղել Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի մասնակից 155 պատվիրակներին:

«Արդի ժամանակների նոր պայմանները և մարտահրավերները բերում են եկեղեցական ոլորտում առավել կազմակերպված ու հետևողական գործունեության հրամայականը: Այսօր մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքում հառնած խնդիրները կարիքն ունեն հրատապ լուծման և միասնական առավել քաջեռանդ գործունեության և գործակցության: Անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձվի նաև այն իրողությանը, որ թեմական-համայնքային մեր կյանքը մեծ ազդեցություն է կրում մեր ժողովրդի տեղաշարժերից: Համայնքները համալրվում են նոր անդամներով, սակայն տարիներ շարունակ ընթացող այս փոփոխությունները չեն արտացոլվում թեմական կառույցների գործունեությունից ներս: Առկա է համայնքի անդամների անհամաչափ ներգրավվածություն թեմական գործընթացներում:

Առաջիկա տարի ազգովի նշելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խնկարկելու ենք մեր նահատակների հիշատակի առջև` ամրանալով մեր կամքի ու հավատի մեջ` արդար ավարտի հասցնելու մեր դատը: Մեծ տարելիցը ջանալու ենք դարձնել ազգային մեր կյանքի զորացման և Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ազդակ ու հանգրվան: Այս առիթով մեր Եկեղեցին պիտի կատարի մեր անմեղ զոհերի սրբադասումը: 2015 թ. Սուրբ Էջմիածնում կատարելու ենք նաև սրբազան Մյուռոնի օրհնություն` ի մխիթարություն մեր ժողովրդի և ի զորացում մեր հավատքի ու քրիստոնեական արժեքների, մեր ժողովրդի միասնականության և Մայր Աթոռի ու Մայր հայրենիքի շուրջ համախմբման»,- ասել է կաթողիկոսը:

Ժողովի օրակարգում կքննարկվեն Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթում փոփոխություններ կատարելու հարցը, ինչպես նաև Թեմական ուղենշային փաստաթղթի թեմական կանոնադրություններում ներդրման արդյունքները և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը: Ժողովին իրազեկում կտրվի Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի մասին:

Մեկնաբանել