Ռուսաստանում կքննարկեն գլոբալ ցանցից անջատումը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդում հաջորդ շաբաթ քնարկելու են գլոբալ ցանցից ինտերնետի ռուսական սեգմենտի ժամանակավոր անջատման հնարավորությունը։ Այս մասին սեպտեմբերի 19-ին գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը։

Ըստ պարբերականի՝ այդպիսի միջոցառումները կարող են կիրառվել՝ պայմանավորված ռունետի սուվերենությունն ամրապնդող գործընթացներով։ Այսպես, արտակարգ իրավիճակների դեպքում, օրինակ՝ ռազմական գործողությունների կամ երկրի ներսում լուրջ հուզումների ժամանակ, պետությունը կարող է ինտերնետի ռուսական սեգմենտն անջատել արտաքին աշխարհից։

Բացի այդ՝ պաշտոնյաները ծրագրում են քննարկել դոմենների ադմինիստրատորի գործառույթները հասարակական կազմակերպությունից պետությանը փոխանցելու հարցը։ Համաձայն «Վեդոմոստիի» աղբյուրի՝ այդպիսի ադմինիստրատոր կարող է դառնալ Ռուսաստանի Կապի դաշնային գործակալությունը (Ռոսսվյազը), որը ենթական է հաղորդակցության և կապի նախարարությանը։

Մեկնաբանել