Փլուզվել է Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը

Սեպտեմբերի 19-ի երեկոյան փլուզվել է Թբիլիսիի հայաշատ Հավլաբար թաղամասում գտնվող Սբ Մինաս եկեղեցու տանիքը: Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության փորձագետ Գիա Սոսանիձեի խոսքով՝ պատճառը տանիքի փայտե կառույցների փտած լինելն է:

«Բավականին երկար ժամանակ եկեղեցին չի վերանորոգվել, ինչի արդյունքում փտել է անձրևաջրերի հետևանքով»,- Սիվիլնեթի թղթակցի հետ զրույցում ասաց Սոսանիձեն:

Սուրբ Մինասը հիմնադրվել է 1790 թվականին, այն չի գործում, սակայն շատ մոտ է գտնվում գործող Սուրբ Էջմիածին եկեղեցուն։ Եկեղեցին վիճելի կարգավիճակ ունեցող բազմաթիվ հայկական եկեղեցիներից մեկն է, որը խորհրդային տարիներին բռնագրավել է պետությունը: Ներկայում վիճելի կարգավիճակում գտնվողների նկատմամբ հավակնություններ է ներկայացնում վրաց ուղղափառ եկեղեցին: Այժմ վիրահայոց թեմը դիմել է Վրաստանի կառավարությանը՝ դրանք վերադարձնելու խնդրանքով, սակայն, ինչպես նշում է թեմի իրավական հարցերի պատասխանատու Լևոն Իսախանյանը, Վրաց ուղղափառ եկեղեցին դեմ է դրան:

Չնայած Վրաստանի մշակույթի նախարարությունը Սուրբ Մինաս եկեղեցին ընդգրկել է մշակութային հուշարձաների ցանկում, դրա տարածքն այսօր սեփականաշնորհված է եկեղեցու բակի բնակիչների կողմից:

«Մինչ սեփականաշնորհելը փոխեցին եկեղեցու հասցեն, որից հետո սեփականաշնորհեցին: Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, արդեն մեկ տարի է՝ հարուցվել է գործ Վիրահայոց թեմի և սեփականաշնորհած բնակիչների միջև, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա»,- ասաց Իսախանյանը:

Սուրբ Մինասի բակի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այս ամբոջ տարածքին հավակնող իր հարևանուհին եկեղեցին պետռեգիստրում գրանցել է որպես իր տան դահլիճ (զալ), և այն ամբոջությամբ նրան է պատկանում: Նա նաև պատմեց, որ երբ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները եկան, կինը բողոքեց, թե փլուզման հետևանքով վնասվել է իր տան նկուղը:

Կինը հրաժարվեց Սիվիլնեթի հետ զրուցել և որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ:

Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության փորձագետ Գիա Սոսանիձեն հավելեց, որ չեն կարող սկսել եկեղեցու վերականգնման աշխատանքները, քանի դեռ իրավական հարցերը չեն լուծվել:

Վերջին մի քանի տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ Թբիլիսիում հայկական եկեղեցի է քանդվում: 2009թ. քանդվեց Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին, իսկ 2012թ. փլուզվեց Սբ Նշան եկեղեցու գմբեթը:

 

Նվարդ Հովհաննիսյան, Թբիլիսի