Made in Madeira. Մեկ օր՝ Կրիշտիանո Ռոնալդուի թանգարանում

Պորտուգալիայում կա մի մարդ, ով դեռ 30 տարեկանը չբոլորած արդեն արժանացել է թանգարան ունենալու պատվին իր ծննդվայր Մադեյրայում։ Խոսքը Կրիշտիանո Ռոնալդուի մասին է, ում անունը հայտնի է աշխարհի բոլոր ծայրերում։

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի թանգարանը բացվել է 2013 թվականին։ Առհասարակ, Մադեյրան ապրում է Ռոնալդուով։ Eurosport-ի լրագրողն, ով այցելել է պորտուգալական այդ քաղաք, նկատել է, որ օդանավակայանից սկսած ամենուր կարելի է տեսնել Ռոնալդուի մասին հիշեցնող ցուցանակներ, նկարներ, պաստառներ, գրառումներ։

Ռոնալդուի ամսին ավելին իմանալու ցանկությունն ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ է բերում Մադեյրա, ովքեր գնում են ֆուտբոլիստի հետ կապված հուշանվերներ, որոնք այնքան էլ էժան չեն։

Մադեյրայում դժվար է չգտնել թանգարանը, քանի որ ցուցանակներն ամենուր են։ Ռոնալդուն 1.5 միլիոն եվրո է հատկացրել թանգարանի կառուցման համար։ Մուտքի տոմսն արժե 5 եվրո, և հետևելով այցելուների քանակին՝ Eurosport-ի լրագրողը եզրակացրել է՝ այդ գումարը շուտով կփոխհատուցվի։

Թանգարանում ցուցադրված են Ռոնալդուի մանկության մասին պատմող լուսանկարները, պրոֆեսիոնալ ֆուտբոլում ստացած գլխավոր մրցանակները՝ «ոսկե գնդակը», «ոսկե խաղակոշիկը», տարբեր գավաթներ և մեդալներ։

Առանձին հատված հատկացված է Ռոնալդուի երկրպագուների նամակներին։

Իսկ թանգարանից դուրս գալով՝ կարելի է հարմարավետ տեղավորվել բազմոցի վրա և դիտել Ռոնալդուի լավագույն գոլերը։