Չէինք պատկերացնում՝ ուր ենք գնում. Լուսինե Հովհաննիսյան

Անկախություն բառը այն բառն է, որի առաջ ամեն պատվով մարդ պիտի խոնարհվի, և երբեք չի կարելի նսեմացնել դրա նշանակությունը, սեպտեմբերի 21-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը՝ վերհիշելով Հայաստանի անկախությանը նախորդած տարիների իր փորձը՝ ուսանողական շարժումները։

«Անկախությունը եկավ աննկատ, անհասկանալի, միանգամից։ Մենք այդ բառից երևի ինչ-որ էյֆորիկ վիճակում էինք։ Մենք չափազանց ոգևորված էինք, չափազանց համարձակ, և այնպիսի տպավորություն էր, որ մենք այդ տարիներին ապրում էինք բացարձակ, բացառիկ, վեհ զգացումներով։ Մենք մի տեսակ կտրվել էինք կենցաղից, իրական, իրատեսական ինչ-որ խնդիրներից ու վիճակներից և ապրում էինք գաղափարներով, որոնք հիմա՝ արդեն հասուն տարիքում եթե հետ ես նայում, երբեմն որոշ տեղերում ինքդ քեզ ծիծաղելի ես թվում։ Եվ եթե այսօր կան մարդիկ, որոնք ասում են՝ հիմարություն ենք արել, միամիտ ենք եղել, երեխա ենք եղել և այլն, ես դա չեմ կարողանում հասկանալ, որովհետև դա միամտության այն տեսակն է, որ պիտի անեիր, պիտի ոգևորվեիր։ Խոսքը ոգևորության մասին է, միամտություն ասելով նկատի ունեմ դա։ Եթե այդ տարիքում չոգևորվես այդ գաղափարով, ապա ե՞րբ։ Մենք շատ համարձակ էինք, շատ երիտասարդ, չափազանց շատ ոգևորված»,- ասաց նա։

Խոսելով հետանկախացման շրջանի պատկերացումների և իրականության մասին՝ նա նշեց, որ իրենք, լինելով երիտասարդ, ուսանող, այնքան էլ չէին պատկերացնում, թե ուր են գնում։

«Հիմա հիշում եմ, որ այն ժամանակ արդեն հասուն մարդիկ որոշ ուրվագծեր տալիս էին՝ և՛ դժվարությունները, և՛ անհնար վիճակները։ Մենք նրանց լսել չէինք ուզում, որովհետև դա խանգարում էր մեր ոգևորությանը։ Այսօր այդ մարդիկ ինձ թվում են չափազանց խելացի, որովհետև նրանք ոչ թե դեմ էին անկախությանը կամ ապազգային էին և այլն, այլ իսկապես իրատես և խելացի մարդիկ էին։ Բայց երբ շատ երիտասարդ ես, երբ բոլորդ միասին եք և բոլորդ շատ բարձր բառեր եք գոչում, այդ ժամանակ իրատես և խելացի մարդկանց ձայնը շատ դժվար է լսել։ Մենք՝ ուսանողներս, վստահ եմ, որ չէինք պատկերացնում, թե ուր ենք գնում։ Նախ չէինք պատկերացնում պատերազմի իրական լինելը։ Դա ամենամեծ ցավն էր, որովհետև երբ առաջին զոհված զինվորներին բերեցին, մենք կարծես նոր հասկացանք՝ ուր էինք գնում։ Այնպես էլ անկախության խնդիրները, հետևանքները, բարդությունները, սուտը մենք չէինք կարող պատկերացնել։ Իհարկե՝ ոչ»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը։