23 անկախ տարիների ձեռքբերումը՝ բանակ. Մանվել Սարգսյան

Անկախության 23 տարիների կորուստն այն է, որ թեև հռչակվել է իրավական պետություն, բայց այն չկա: Սա շատ մեծ կորուստ է: 23 տարիների ընթացքում պետություններ են ստեղծվել, որոնք թելադրում են իրենց կամքը, այսպիսի տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ՍիվիլՆեթի տաղավարում՝ գնահատելով Հայաստանի անկախության 23 տարիները: Այս տարիների ձեռքբերումը նա համարում է բանակը: «Ձեռքբերումը միանշանակ է, և այն է, որ մենք կարողացանք պատերազմների առաջին ալիքի ժամանակ, որն անխուսափելի է, լինել հաջողակ, դուրս գալ դրանից և ստեղծել միակ գործող ինստիտուտը՝ բանակը, որն իհարկե մեր ուզածը չէ, բայց աշխատող ինստիտուտ է և կարողանում է ապահովել մեր անվտանգությունը: Մնացած բոլոր ինստիտուտները թղթի վրա գրված են»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ անկախությունից 23 տարի է անցել, սակայն մարդիկ լրջորեն խոսում են այն մասին, որ երկրի ինքնիշխանությունը վտանգի տակ է, որ անկախությունը այնպես չի գնահատվում, ինչպես որ պետք է գնահատվեր, և դա վկայում է այս 23 տարիների ընթացքում մեծ և բարդ գործընթացի մասին:

«Հիմա են ինչ-որ բաներ են գիտակցում, խոսում` ինչ է նշանակում քաղաքացի, ՀՀ անձնագիր, իսկ այն ժամանակ բոլորին կարծես ամեն ինչ պարզ էր, իսկ հիմա մարդիկ հասկացան՝ ինչ է նշանակում իրսվական պետություն հռչակելը: Կատակ չէ պետություն հռչակելը: Դա նշանակում է՝ այդ տարածքում պետք է գոյություն ունեն պետական կառվարման մարմիններ՝ կառավարություն, խորհրդարան, նախագահի ինստիտուտ, պետք է այդ ամեն ինչը ըստ օրենքի ձևավոևվի, այլ ոչ թե սոսկ հռչակվի, բայց եթե դա չի արվում, պրոցեսները մի քիչ անհսականալի կերպով են գնում, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում:

Կան շատ քաղաքական ուժեր, կուսակցություններ, որոնք զգում են, որ ամեն ինչ այդպես չգնաց, ըստ օրենքի չեղավ, ստեղծվել էին հավելյալ պայմաններ հանրության մի որոշ հատվածի համար, որոնք իրենց կյանքը կարող էին դրսևորել օրենքից դուրս, նրանք ավելի շատ իրավունքներ ձեռք բերեցին և ավելի քիչ պատասխանատվություն: Այս ամենը Հայաստանում շատ շատերին դուր եկավ: Սակայն եթե ինչ որ բան հռչակվում է, դա պետք է իրականացվի ըստ օրենքի և անընդհատ, իսկ եթե դա չի արվում, գալիս են ուրիշները և ձևավորում են այնպես, ինչպես իրենք են կամենում, և Հայաստանի էսօրվա վիճակը հենց դրանով է պայմանավորված, սակայն մեծամասնությունը իր մեղքի բաժինն էլ պետք է տեսնի դրանում»,- նշեց Սարգսյանը:

Անդրադառնալով սահմանդրական փոփոխություններին՝ քաղաքագետը նշեց, որ երբ որ բոլորը լուրջ չեն վերաբերվում Սահմանադրությանը, այն դառնում է զենք փոքրամասնության ձեռքում՝ դրսևորվելու և մեծամասնության դեմ օգտագործելու համար:

«Սահմանադրությունը լուրջ բան է, այն պայմանագիր է քաղաքացիների համար , և օրենք է բոլորի համար: Սակայն երբ փոքրամասնությունն է դա օգտագործում, կարողանում է այն իրացնել իր ուզած ձևով՝ հօգուտ իրեն: Հայաստանում 23 տարի մեկ բառ կա՝ իշխանափախություն: Այն չի էլ մեկնաբանվում: Ամեն ինչ գալիս է դրանից»,- ասաց Սարգսյանը:

Մեկնաբանել