Անկախությունը հոգեվիճակ է․ Ռուբեն Հակոբյան

Անկախությունը հոգեվիճակ է, փիլիսոփայություն է, անկախությունը անհատով է պայմանավորված, անհատների անկախությունն է, որ ձևավորում է ընդհանուր անկախությունը, սեպտեմբերի 21-ին ՍիվիլՆեթի տաղավարում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Հայաստանի անկախության 23 տարիների և ներկայի քաղաքական զարգացումների մասին։

«Սա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ որևէ հավաքականության, որևէ ազգի կազմակերպման լավագույն ձևը անկախությունն է։ Այսինքն՝ ունենաս անկախություն, որտեղ դու ինքնաիրացվես արժեքային այն համակարգում, որը ունես, որը կոդավորված է քո մեջ, քո հավաքականության մեջ ու կարողանաս իրացնել»,- ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ ներկա վիճակի համար մեղավորը մենք բոլորս ենք։ «Մենք այսօր, այս վիճակում ենք, որովհետև ինքներս անկարող ենք: […] Հիմա ով է մեղավոր, որ այս պահին այնպիսի իշխանություն ենք ձևավորել, որը Զիմբաբվեից 360 հազ․ դոլար տալիս է ինչ-որ մեկին, որ գա արարատցուն, աշտարակցուն, արտաշատցուն բացատրի, թե ծիրանը ոնց է պետք աճացնել, այն դեպքում, որ ծիրանը մեր պատմական սելեկցիոն մասնագիտությունն է եղել։ Կամ 18 մլն դոլար տալիս ենք, որ գնան ապարանցուն բացատրեն, թե կաղամբը ոնց պիտի աճացնել կամ մարտունեցուն, թե կարտոֆիլը ոնց պիտի աճացնել։ Ասածս հետևյալն է, որ ի վերջո այդ մեղավոր փնտրողները դրանք վտանգավորն են։ Ես միշտ ասել եմ՝ եթե դու ինքդ ուժ չունես, որ քո մեղավորությունը տեսնես, ուրեմն դու կործանման ես գնում։ Մենք ենք մեղավորը»,- ասաց «Ժառանգության» վարչության փոխնախագահը։

Մեկնաբանել