Հայերը` թիվ մեկ անվտանգության սպառնալիք թուրքական դասագրքերում

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը Taraf թերթում «Նոր Թուրքիայի դասագրքերը» վերնագրով երեք հոդված է գրել` անդրադառնալով 2014-2015թթ. ուսումնական տարվա համար նախատեսված Թուրքիայի դպրոցական դասագրքերին: Հոդվածներում հեղինակը պատմում է, թե ինչպես են դասագրքերում ներկայացված Հայկական հարցը, Հայոց ցեղասպանության խնդիրը և առհասարակ հայերին վերաբերող թեմաները: Մասնավորապես, հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դասագրքերում Հայկական հարցը հռչակված է Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգ: Ստորև թարգմանաբար և որոշ կրճատումներվ ներկայացնում ենք Թաներ Աքչամի հոդվածաշարի ամփոփման առաջին մասը:

Թուրքիայի դպրոցական դասագրքերում փոքր հետազոտություն եմ կատարել այն հարցի շուրջ, որը կոչվում է Հայկական հարց: Նման հետազոտության իրականացումը կարևոր է ինչպես Թուրքիայի քրիստոնյա ժողովուրդների, այնպես էլ հրեաների, ալևիների և մյուս ազգերի համար:

Խնդիրը կարևորվում է նրանով, որ առնչվում ենք «Արդարություն և զարգացում» կուսակցության «Նոր Թուրքիա» ծրագրին: Հենց «Նոր Թուրքիա» կարգախոսով Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտավ նաընտրական քարոզարշավ և հայտարարեց «Նոր Թուրքիա» հայեցակարգային փաստաթղթի մասին: Դավութօղլուի կառավարության ծրագիրն էլ կազմվել է հենց այս հենքի վրա:

Կարճ ասած` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի նախագահի ու վարչապետի հետ միասին քշտել են իրենց թևերն ու պատրաստվում են «Նոր Թուրքիա» ստեղծել:

Այդ իսկ պատճառով դպրոցական դասագրքերի լույսի ներքո պետք է նայել, թե հայերի մասին ինչ են մտածում «Նոր Թուրքիայի» հիմնադիրները: Դասագրքերը հստակ ցույց են տալիս, թե որն է իրողությունը:

Դասագրքերից շատ բան կարող ենք սովորել: Դրանք մեզ ցույց են տալիս, թե «Նոր Թուրքիայի» տեսաբանները ինչպես են վերաբերում հայերին, միաժամանակ, սովորեցնում, թե այդ տեսաբանները ինչպես են ցանկանում դաստիարակել Թուրքիայի ապագան կերտել պատրաստվող երիտասարդ սերնդին:

Դասագրքերում ամրագրված ուղերձը հստակ է. նրանք ցանկանում են, որ երիտասարդ սերունդը դաստիարակվի «Էրգենեքոնի» ոգով: Նախակրթարանների 8-րդ դասարանի դասագրքերում աշակերտներն առաջին անգամ առերեսվում են նրան, որ Թուրքիան կանգնած է ազգային անվտանգությանն սպառնացող երեք մեծ վտանգի առջև: Մեր ազգային անվտանգությանն ուղղված առաջին սպառնալիքը Հայկական հարցն է, երկրորդը` ահաբեկչությունը և երրորդ ամենամեծ սպառնալիքը` քրիստոնյա քարոզիչները:

Այն, ինչ ասում եմ, իրականություն է: Այն, ինչն ազգային անվտանգության սպառնալիք է Մալաթիայի երեք քրիստոնյաների, Հրանտ Դինքի սպանությունների կազմակերպիչ էրգենեքոնականների համար, վտանգ է ներկայացնում նաև Նոր Թուրքիայի տեսաբանների համար: Նոր Թուրքիայի տեսաբանները հայերին, ցեղասպանության մասին պնդումներն ու քրիստոնյա քարոզիչներին համարում են ազգային անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիքը և երիտասարդներին դաստիրակում են հենց այս մտածողությամբ:

Ես քչով բավարարվող եմ, այդ իսկ պատճառով ցանկանում եմ ընդգծել, որ պատրաստ եմ ընդունել 13-14 տարի իշխանության ղեկին գտնվող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարության հայտարարությունը, որը կասի`«Ներողություն ենք խնդրում, հենց հիմա կխոխենք»: Որովհետև միակ բանը, որ կարող են անել դասագրքերի հեղինակները, դա ներողություն խնդրելն ու գրքերը շրջանառությունից հանելն է:

Այս բոլորը կարդալուց հետո ավելի ճիշտ կլիներ, որ նախքան հայերին առաջարկեին Թուրքիայի հիմնադիր տարր լինել, նրանց ուղղեին հետևյալ հարցը` «Թուրքիայի Հանրապետության քաղաքացի սիրելի հայեր, ինչպե՞ս եք ապրում մի երկրում, որտեղ երիտասարդներին դաստիարակում են ձեր նկատմամբ թշնամանքով և ձեզ համարում են սպառնալիք: Ինչպե՞ս եք կարողանում ապրել մի երկրում, որտեղ այս մտածողությամբ են դաստիարակում երեխաներին»:

Կարճ ասած` «Նոր Թուրքիայի» տեսաբանները որևէ նոր բան չեն ասում հայերի մասին: Ամեն ինչ հնի կրկնությունն է: Սակայն այն սոսկ հնացած թեզերի կրկնություն չէ, այլ կրկնությունն է ռազմական ռեժիմի էրգենեքոնյան մտածողության: Ամեն ինչ մեկ նախադասությամբ՝ հայերը թշնամի են և սպառնալիք ազգային անվտանգությանը:

«Թուրքիայի Հանրապետության հեղափոխության պատմություն և քեմալիզմ» առարկան

Դասագիրքը գրվել է նախակրթարանների 8-րդ դասարանի համար, հեղինակը Սալիմ Ուլքերն է: Այն բաղկացած է երկու տարբեր գրքերից: Առաջինը դասագիրքն է, երկրորդը` աշխատանքային գիրքը: Մեզ հետաքրքող հարցը գտնվում է երկու գրքերի 7-րդ բաժնում: Բաժնի վերնագիրն է՝ «Թուրքիան Աթաթուրքից հետո. Երկրորդ աշխարհամարտն ու հետագա իրադարձությունները»: Դասագրքի 5-րդ թեման վերաբերում է Թուրքիային ուղղված սպառնալիքներին: Թեմայի հիմնական խնդիրն այսպես է ձևակերպված՝ «Այս թեմայում մենք սովորելու ենք, թե որոնք են Թուրքիային ուղղված ներքին և արտաքին սպառնալիքները, ինչպես նաև այն, որ այս սպառնալիքների դեմ մենք պետք է զգոն լինենք»:

Որպես սպառնալիքների հիմնական նպատակ ներկայացվում է «պետական համակարգի ոչնչացումը»: Լա՛վ, ո ՞րն է առաջին և ամենամեծ սպառնալիքը: «Հայ-թուրքական հարաբերությունները». աշակերտներին հանձնարարվում է քննարկել այն հարցը, թե «հայկական պնդումների դեմ ինչ պետք է անել, որպեսզի ապացուցվի մեր երկրի արդարացիությունը»: Աշակերտները պետք է իմանան, որ «երկրի ներքին և արտաքին սպառնալիքների դեմ պայքարում պետք է ունենան իրենց հասանելիք պարտականությունները»: Միաժամանակ, աշակերտներին կոչ է արվում «գիտակից լինել վերոնշյալ սպառնալիքների հարցում»:

Այն բանից հետո, երբ դասագրքերից իմանում են, որ Հայկական հարցը սպառնալիք է ազգային անվտանգությանը, աշխատանքային գիրքը աշակերտներին տալիս է հանձնարարություն: 9-րդ ենթագլխի վերնագիրն է՝ «Թուրքիային սպառնացող ուժերը և ազգային անվտանգությունը»: Աշակերտներին տրվող հանձնարարականը հետևյալն է. «Գրե՛ք, թե մեր երկրին սպառնացող վերոնշյալ վտանգները կանխելու նպատակով պետությունը և քաղաքացիները ինչ քայլեր պետք է ձեռնարկեն»:

Ո՞րն է առաջին սպառնալիքը: Իհարկե, չեք սխալվել` հայկական հարցը: Եվ աշակերտներից պահանջվում է, որ իմանան «Ազգային անվտանգության խորհրդի հիմնական գործառույթները, որը մշակում է մեր երկրին սպառնացող վտանգների դեմ պայքարի ազգային քաղաքականությունը»:

Սրանից հետո կարծում եմ` էլ չեք սպասի, թե ինչ-որ բան կգրեմ այն մասին, թե ինչպես կարելի է պատրաստել Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներին: Պատասխանն առավել քան ակնհայտ է. մե՛նք ենք դպրոցներում նրանց դաստիարակում:

Այժմ անդրադառնանք միջնակարգ դպրոցների՝ «Թուրքիայի Հանրապետության հեղափոխության պատմություն և քեմալիզմ» առարկայի դասագրքերին: Այս դասագիրքը գրվել է հանձնաժողովի կողմից, ավելի ճիշտ՝ այն հրատարակել է Ազգային կրթության նախարարությունը:

Դասագրքում 1909թ. Ադանայի կոտորածը, որն ավարտվեց 20 հազ. հայերի սպանությամբ, որակվում է որպես «Ադանայի հայկական ապստամբություն»: Դա այն դեպքում, երբ նույնիսկ ժամանակի երիտթուրքական կառավարությունն այդպես չէր արտահայտվում: Իթթիհաթականների և «Դաշնակցության»՝ 1909թ. օգոստոսին հրապարակած համատեղ հայտարարությունը Ադանայի կոտորածները որակում է որպես «երիտթուրքական հեղափոխության դեմ իրականացված, հակահեղափոխական կոտորած«: Այսինքն՝ Նոր Թուրքիայի տեսաբանները գուցե 1908թ. իթթիհաթականներից ավելի հետադեմ են:

Դասագրքում կան իրականության հետ որևէ առնչություն չունեցող բազմաթիվ տեղեկություններ: Դրանցից մեկն այն է, թե հայկական իրականության մեջ առաջին սոցիալիստական ուժը հանդիսացող Հնչակյան կուսակցությունը 1877թ. հիմնել է Պոլսի Հայոց Զավեն պատրիարքը: Ո՛չ թվականն է ճիշտ, ո՛չ էլ այն, թե Զավեն պատրիարքն է կուսակցության հիմնադիրը: Քանի որ թուրքերը տեղյակ չեն այս թեմաներից, հեղինակը մտածել է, թե ինչ էլ գրի, միևնույնն է՝ հավատալու են:

Թաներ Աքչամն իր հոդվածի երկրորդ մասում պատմում է, թե ինչ է գրված Թուրքիայի պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին:

Մեկնաբանել