Մանկական կուրության կանխարգելման կենտրոն` Երևանում

Երևանում սեպտեմբերի 22-ին բացվել է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը»: Այն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայկական ակնաբուժական նախագծի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի հիմնական բաղադրիչն է:

Ինչպես հաղորդում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, կենտորնի նպատակն է հիմնել և զարգացնել ակնաբուժական մասնագիտացված ներուժ` օժանդակելու Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը:

«Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում տեղակայված կենտրոնը երեխաներին սպառնացող կուրության հիվանդությունների ակնային վիրահատություններ իրականացնելու բնագավառի առաջամարտիկ է տարածաշրջանում: Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների և ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնը միտված է Հայաստանում և տարածաշրջանում կուրության կանխարգելման նպատակով բուժման և ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը»- ասված է առողջապահության մամուլի հաղորդագրությունում:

Կենտրոնը բացվել է սեպտեմբերի 22-ին` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Հայկական ակնաբուժության նախագծի և Առողջապահության նախարարության կազմակերպած 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովի շրջանակում: Երկօրյա համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրների ակնաբուժության տարբեր ոլորտների անվանի փորձագետների՝ խթանելու ակնաբուժությանը վերաբերող տարբեր բնագավառներում տեղեկատվության և փորձի ակտիվ փոխանակմանը:

Մեկնաբանել