Թուրքիան հնարավոր է՝ միանա ISIS-ի դեմ պայքարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դիտարկում է ISIS-ի` «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման (վերջերս վերանվանվել է «Իսլամական պետություն», IS – ՍիվիլՆեթ) դեմ ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, ներառյալ՝ ռազմական ներգրավվածությունը, հաղորդում է Associated Press-ը:

Էրդողանն այս հայտարարությունն արել է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում համաշխարհային առաջնորդների տարեկան հանդիպման շրջանակում՝ ժամեր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները օդային հարված էին հասցրել Սիրիայում ISIS-ի դիրքերին: Թուրքիայի նախագահի այս խոսքերը նախանշում են խմբավորման դեմ պայքարի հարցում Թուրքիայի դիրքորոշման պոտենցիալ շրջադարձ:

Մինչև վերջին ժամանակները Թուրքիան ծայրահեղականների դեմ պայքարում առաջարկել է բավական սահմանափակ աջակցություն, մասամբ՝ այն պատճառով, որ ISIS-ի ձեռքում էին գտնվում Թուրքիայի 49 պատանդներ:

Associated Press-ի հաղորդմամբ՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան դիտարկում է մի դեր, որը «ներառում է ամեն ինչ՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական»:

«Անշուշտ, մենք կանենք գործի մեր մասը»,- ասել է Էրդողանը:

ISIS ծայրահեղական խմբավորման դեմ միջազգային պայքարի ու դրանում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության մասին ավելին՝ «ԱՄՆն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը ISIS-ի դեմ պայքարում»:

Մեկնաբանել