220 հազար հայի պանդխտություն ես պարտադրել

«Առավոտ» օրաթերթում սեպտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանի հետ տպագրված հարցուպատասխանի ամեն տողը առանձին հոդվածի թեմա է: Զորօրինակ, այս տողերը. Արմեն Քոլոյանը հարցնում է. «Պարոն նախագահ, ձեր ասած թվերը գումարել-հանելով ստացվեց, որ 2012-ին 170 հազար մարդ է լքել երկիրը: Իսկ դա շատ մեծ թիվ է»: Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Եկել էստեղ անհանգստանո՞ւմ եք: Վերադարձեք, շատ լինենք: 2013-ի թվերը դեռ չի հրապարակել մեր վիճվարչությունը: Կհրապարակի՝ կտեսնենք»:

Մի կողմ թողնենք պատասխանի բարոյախրատական մասը և մեջբերենք հենց վիճվարչության, ասել է թե՝ պաշտոնական տվյալները:

Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարում՝ 2008-ին՝ Հայաստանից հեռացողների և երկիր վերադարձողների տարբերությունը եղել է ավելի քան 23 հազար: Հաջորդ՝ 2009-ին արտագաղթի տեմպերը գրեթե չեն փոխվել՝ մոտ 25 հազար: 2010-ին, 2011-ին և 2012-ին Հայաստանից հեռացել և չի վերադարձել համապատասխանաբար 47 հազար, 44 հազար և 43 հազար հայաստանցի:

2013-ին, բարեբախտաբար, արտագաղթի տեմպերը փոքր-ինչ ընկել են. հանրապետությունից հեռացել է 31 հազար մարդ: Այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով՝ արտագաղթը կազմել է ընդամենը 7 հազար, ինչը, համեմատության մեջ, ուրախալի թիվ է: Կարևոր չէ, որ դրա հիմնական պատճառը Ռուսաստանի նոր, ավելի կոշտ միգրացիոն քաղաքականությունն է: Կարևորն այն է, որ այս տարի Հայաստանի բնակչությունը պակասել է միայն 7 հազարով: Որովհետև կարող էր պակասել 47 հազարով, ինչպես 2010-ին:

Այսպիսով, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի բնակչությունը պակասել է 220 հազարով, որը կազմում է հանրապետության ողջ բնակչության շուրջ 8 տոկոսը: