Ադրբեջանում գերի ընկած հայը հայրենադարձվել է

Օգոստոսի 26-ին Ադրբեջանում գերի ընկած Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանը սեպտեմբերի 25-ին վերադարձվել է Հայաստան։ Լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։

Գործընթացն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Հայրենադարձությունը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական միջազգային սահմանագծին՝ Իջևանի և Ղազախի միջև ճանապարհային հատվածում։

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանը, ադրբեջանական կողմի հաղորդմամբ, օգոստոսի 26-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որպես ապացույց տեսանյութ էր հրապարակել, ինչպես նաև Սարգիս Անանյանի լուսանկարը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչները սեպտեմբերի 16-ին այցելել էին Սարգիս Անանյանին։ Վերջինիս հնարավորություն էր տրվել իր ընտանիքի հետ տեղեկություններով փոխանակվել։

Մեկնաբանել