Լեյլա Յունուսը ծեծի է ենթարկվել բանտում

«Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թեոդոր Հեքերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Լելյա Յունուսի փաստաբանները հայտարարել են, որ իրենց դատապաշտպանը ծեծի է ենթարկվել կալանավայրում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ըստ փաստաբանների սեպտեմբերի 23-ին տարածած հայտարարության՝ Լեյլա Յունուսը ծեծի է ենթարկվել բանտապահի կողմից: Վերջինս իրավապաշտպանին գշել է գետնին, հարվածել գլխին ու երիկամներին, քաշքշել մազերից: Կալանավայրում հերքում են այս տեղեկատվությունը:

Ինչպես հայտնում է contact.az-ը, սեպտեմբերի 25-ին Լեյլա Յունուսի փաստաբան Էլչին Գամբարովին հաջողվել է տեսակցել իր պաշտպանյալին, որից հետո նա հայտարարել է, որ Յունուսի վիճակը ծեծից հետո ծանր է:

«Նա գլխի ուժեղ ցավերի ունի, դժվարությամբ է խոսում, ժամանակ առ ժամանակ կորցնում է գիտակցությունը»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ Յունուսը վերջերս է վիրահատել աչքերը, և հարվածները կարող են կուրության պատճառ դառնալ:

ԼեյլաՅունուսը և նրա ամուսինը՝ կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսը մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գործակցելու մեջ:

Յունուս ամուսիններին մեղադրանք էր առաջադրվել հուլիսի 30-ին: Մասնավորապես՝ «Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թեոդոր Հեքերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Լեյլա Յունուսին առաջադրվել էր պետական դավաճանության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, խոշոր չափի խարդախության և ապօրինի գործարարությամբ զբաղվելու մեղադրանքներ: Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման նախնական միջոց էր ընտրել եռամսյա կալանքը: Արիֆ Յունուսին, որի խափանման միջոց էր ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը, ներակայացվել է պետական դավաճանության և խոշոր չափի խարդախության մեղադրանք:

Ապրիլի վերջին Յունուսին հարցաքննել էին «Զերկալո» թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի գործով: Վերջինս ևս մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Դեռ այդ ժամանակ Յունուս ամուսիններից հարցաքննության ընթացքում առգրավվել էին նրանց անձնագրերը, որոնք մինչ այժմ չեն վերադարձվել:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Յունուսի դեմ մեղադրանքը հորինված է համարում:

Մեկնաբանել