Հայաստանցիները հավասարապես կողմ են թե՛ ՄՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ ինտեգրացիային. հարցում

2014թ. հունիսին Սիվիլիթաս հիմնադրամը հեռախոսային հարցում է անցկացրել՝ պարզելու Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը Մաքսային միության և Եվրոպական Միության հետ ինտեգրացիոն գործընթացների շուրջ: Հարցմանը մասնակցել է շուրջ 1000 հայաստանցի։

«Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը միանալու և Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումից հետո արտաքին քաղաքականության շուրջ բանավեճը սկսել է բյուրեղանալ կողմ և դեմ կարծիքներով՝ համապատասխան պնդումներով և հիմնավորումներով»,- նշված է հարցման ամփոփագրում։

Հարցերը վերաբերել են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությանը: Հիմնադրամը ներկայացրել է հարցման մի քանի ուշագրավ արդյունք:

Այսպես, Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ տեղյակ է Եվրոպական Միության և Մաքսային միության մասին, մեծամասնությունը տեղյակ է նաև դրանցից որևէ մեկին Հայաստանի ինտեգրվելու հնարավորության մասին:Հարցին, թե Հայաստանի բնակչության համար ընդհանուր առմամբ լա՞վ է ինտեգրումը Մաքսային միությանը կամ Եվրոպական Միությանը, պատասխանները բաշխվել են հավասարապես. և՛ Մաքսային միությանը, և՛ Եվրոպական Միությանը ինտեգրվելը լավ է համարում ինտեգրվելու մասին լսած բնակչության 60-ական տոկոսը:

Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 73 տոկոս, նշել է, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Լեռնային Ղարաբաղի հետ միասնական տնտեսական տարածքով հանդես գալը պարտադիր է:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչությունը հիմնականում տեղյակ չէ արտաքին քաղաքականության տարբերակներից յուրաքանչյուրի մանրամասներից և հետևանքներից: Բնակչության շուրջ 30 տոկոսը տեղյակ չէ, թե ինչ հավանական օգուտներ ու վնասներ կենթադրի ինտեգրումը արտաքին կառույցներից որևէ մեկին, թեև Մաքսային միության պարագայում ինտեգրման օգուտների մասին չի նշել բնակչության ընդամենը 20 տոկոսը:

Հարցման արդյունքներն ամբողջությամբ հանրությանը կներկայացվեն հոկտեմբերի սկզբին:

Մեկնաբանել