Ոստիկանությունը Վաղարշ Աբրահամյանի դեմ գործ հարուցելու «հաղորդում չունի»

Լուսանկարում՝ Վաղարշ Աբրահամյանը:

Ոստիկանությունը հաղորդում չունի «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի՝ սեպտեմբերի 25-ի գործողությունների վերաբերյալ, հետևապես քրեական գործ չի հարուցել։

Ոստիկանության մամուլի բաժնում հաստատեցին, որ տեսել են Վաղարշ Աբրահամյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ վերջինս ջարդում էր կառավարության շենքի մոտ ցույցին մասնակցող առևտրականների սեղանիկները։ ՍիվիլՆեթի հարցին, թե ոստիկանությունն արդյոք չի՞ պատրաստվում քրեական գործ հարուցել, պատասխանեցին. «Ես ասացի՝ որևէ հաղորդում չունենք»։

Համաձայն Քրեական դատավարության մասին գործող օրենսգրքի 175-րդ հոդվածի [Քրեական գործ հարուցելու պարտականությունը] և 176-րդ հոդվածի [Քրեական գործ հարուցելու առիթները] 2-րդ կետի՝ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումների առթիվ և հիմքով։

«ԱրմԼուր» լրատվական կայքը սեպտեմբերի 25-ին տեսանյութ էր հրապարակել, որում «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» ոսկու տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն իր ձեռքով քանդում էր շուկայի այն տարածքները և ոսկյա իրերի սեղանիկները, որոնց սեփականատերերն այդ պահին մասնակցում էին կառավարության շենքի դիմաց ընթացող ցույցին։ Ցուցարարաները բողոքում էին հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ, ըստ որի՝ առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ։

Մեկնաբանել