Հայաստանը՝ Փերինչեքի գործով երրորդ կողմ

Հայաստանի Հանրապետությունը «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ներգրավվում է՝ որպես երրորդ կողմ: Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ,  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել այս տարվա օգոստոսի 20-ին: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը սեպտեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: 

Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազության կայքը, նիստը նախատեսված է 2015թ. հունվարի 28-ին: Մինչ այդ հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի 28-ի նիտում կունենա նաև բանավոր հանդես գալու հնարավորություն: 

«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաև Թուրքիան:  

2007թ. մարտի 9-ին թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը Շվեյցարիայի Վո կանտոնի դատարանի կողմից ենթարկվել էր ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վո կանտոնի դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013թ. դեկտեմբերի 17-ի իր որոշման մեջ ՄԻԵԴ-ի իրավասու պալատը որոշում էր կայացրել, ըստ որի՝ շվեյցարական դատարանի վճռով խախտվել է բողոքարկողի ինքնաարտահայտման ազատությունը:   

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքի գործով կայացրած որոշման կապակցությամբ իրենց մտահոգությունն էին հայտնել աշխարհի տարբեր երկրներում ապրող ավելի քան երեսուն ցեղասպանագետներ և պատմաբաններ, որոնք 2014թ. փետրվարի 14-ին բաց նամակ էին ուղղել Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Սիմոնետա Սոմարուգային: Վերջինիս բաց նամակով դիմել էր նաև Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան:   

2014թ. հունիսի 2-ին Եվրոպական դատարանի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրել է գործի քննությունը Եվրոպական դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում: Սա նշանակում է, որ դատարանի 17/12/2013թ. վճիռն ուժի մեջ չի մտնի:  

Իրավաբան Վահե Գրիգորյանը վստահ է՝ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կողմից այս գործի քննությունը այլևս չի անցնի այն համատարած լռության մթնոլորտում, երբ դիմող կողմ Թուրքիան, «լիարժեք կերպով օգտվելով այս գործի հարցում Հայաստանի Հանրապետության կառավարության անհասկանալի լռությունից և անգործությունից, կարողացել էր հասնել այնպիսի արդյունքի, որը գործնականում Հայոց ցեղասպանության մերժողականության հարցում ամենաերևելի ձեռքբերումն էր նրա կողմից»: Բացի այդ, ըստ Գրիգորյանի, «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը առաջինն է առհասարակ, երբ որևէ միջազգային դատական ատյան քննության առարկա է դարձրել Հայոց ցեղասպանությանն ուղղակիորեն առնչվող հարց:  

2014թ. հուլիսի 15-ին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ Հայաստանը մինչև օգոստոսի 26-ը պաշտոնական հայտով կդիմի ՄԻԵԴ`թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու համար: Դիմումը ներկայացվել է օգոստոսի 20-ին: