Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց «Շալկեից» և նահանջեց 9-րդ հորիզոնական (7 մ.): Տանտերերի կազմում մեկական անգամ աչքի ընկան Ջոել Մատիպն (10 ր.) ու Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը (23 ր.): Դորտմունդցիների միակ գոլը խփեց Պիեր Էմերիկ Օբամեյանգը (26 ր.): Փաստորեն «Բորուսիան» երկրորդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթել առանց վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի:
Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ ու վաստակած 14 միավորով ամրապնդեց առաջատարի դիրքը: Հանդիպման 19-րդ րոպեին հաշիվը բացեց Մարիո Գյոթցեն, իսկ 66-րդ րոպեին Դանիել Հալֆարը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Լևերկուզենի «Բայերը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ֆրայբուրգի» հետ և 11 միավորով նահանջեց երրոդ տեղ, իսկ Մյունխենգլադբախի «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթեց «Պադերբորնին» ու 12 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական: