Միջադեպ Կապանում եռյակի հանրահավաքին

Կապան քաղաքում 17:00-ին մեկնարկել է ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Քաղաքի Գարեգին Նժդեհ հրապարակը բավականին բազմամարդ է: Ներկաները պարբերաբար վանկարկում են՝ «Ծառուկյան, Ծառուկյան»: Այն պահին, երբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տվեց Սուրիկ Խաչատրյանի անունը, ամբողջ տեխնիկան հոսանքազրկվեց:

«Ով անջատեց հոսանքը՝ չգիտեմ: Բայց դուք, կարծում եմ, գիտեք»,- կապանցիներին դիմելով՝ ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը: Բացի այդ՝ հրապարակում կան մարդիկ, որոնք իրենց բղավոցներով փորձում են խանգարել հանրահավաքի ընթացքը:

Այսօր 13:00-ին ոչ իշխանական երեք ուժերը հանրահավաք էին անցկացրել նաև Սիսիան քաղաքում, որտեղ հանրահավաքից ժամեր առաջ քաղաք էր ժամանել Սյունիքի նորանշակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ժողով անցկացրել և բնակիչներին սպառնացել չմասնակցել հանրահավաքին: Հատկանշական է նաև, որ քաղաքի մի շարք հիմնարկներում այսօր աշխատանքային օր էր հայտարարվել:

Եռյակը հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ կանցկացնի մի շարք մարզային հանրահավաքներ:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին և քառյակի առաջիկա մարզային այցելություններին ու հերթական նիստերին ՀՅԴ չի մասնակցի, թեև հանրահավաքին կտրվի նաև 12 կետերի վերաբերյալ ՀՅԴ գնահատկանը: Կուսակցության որոշումը պայմանավորված է սահմանադրական փոփոխությունների շուրջ իր և քառյակի անդամ մյուս երեք ուժերի միջև առկա տարաձայնություններով:

ՍիվիլՆեթը ուղիղ միացումով լուսաբանում է Կապանի հանրահավաքը:

Մեկնաբանել