Պարգև սրբազանը՝ «Արցախի հերոս»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում նա «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Սահակյանը Պարգև արքեպիսկոսպոսին՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների եւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձի կապակցությամբ  «Արցախի հերոս»-ի կոչման շնորհման մասին հրամանագիրը ստորագրել էր ավելի վաղ:

Իր խոսքում Բակո Սահակյանը կարևորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի և Արցախի կյանքում՝ ընդգծելով, որ առանց մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատևել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների:
Նրա խոսքով՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը՝ արժանիորեն շարունակելով կրել պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը: 
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: