Թուրքիայի ինտեգրումը ԵՄ-ին հենց իրենից է կախված. Բարոզու

Եվրահանձնաժողովի հեռացող նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այցելել է Թուրքիա՝ սեպտեմբերի 29-ին մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպմանը: Այցից առաջ Hurriyet Daily News-ը զրուցել է Բարոզուի հետ՝ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակի և ապագայի մասին: Հարցազրույցը կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

Ինչպե՞ս կգնահատեիք Թուրքիայի՝ որպես ԵՄ թեկնածու երկրի ընդհանուր առաջադիմությունը՝ 2005թ. բանակցությունների մեկնարկից ի վեր:

– Սկսենք նրանից, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները գրեթե նույնքան հին են, որքան ինքը՝ ԵՄ-ն: Մենք սերտ դաշնակիցներ ենք, և չափազանց կարևոր է, որ մենք պահպանենք և խորացնենք այդ դաշնակցությունը: Կարծում եմ՝ և՛ եվրոպացիները, և՛ թուրքերը հասկանում են փոխադարձ այս շահի կարևորությունը:

Վերջին 10 տարում Թուրքիան հսկայական փոփոխություններ է գրանցել: Ամենատպավորիչ փոփոխությունը, անշուշտ, վերաբերում է տնտեսությանը: Թուրքիան շատ ավելի բարգավաճ երկիր է դարձել:

Թուրքիան առաջընթաց է գրանցել նաև ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցման տեսանկյունից: Ինչ վերաբերում է քաղաքական չափորոշիչներին, ապա, ինչպես գիտեք, պատկերը խառն է, մի կողմից՝ անհերքելի նվաճումներով, մյուս կողմից՝ օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների ոլորտում մի շարք մտահոգիչ պահերով:

Ինչպե՞ս արձագանքեցիք Թուրքիայի կառավարության վերջին հայտարարությանը՝ ԵՄ ռազմավարության վերաբերյալ:

– Անշուշտ, ողջունելի է, որ նոր կառավարությունը ԵՄ ռազմավարությունը օրակարգային է դարձրել: Կցանկանայինք թուրքական կողմից տեսնել ԵՄ անդամակցության գործընթացը շարունակելու այդ հստակ հանձնառությունը, հետևաբար, ակնկալում ենք տեսնել մանրակրկիտ գործողության պլան և ժամանակացույց:

– Կարծում եք՝ Թուրքիան ներդաշնա՞կ կինտեգրվի ԵՄ-ին:

– Կարծում եմ՝ պատասխանը կտա հենց Թուրքիան: Ի վերջո, անդամակցության հարցում Թուրքիայի պատրաստակամության ընդհանուր ընկալումը կախված է հենց նրա՝ ԵՄ չափորոշիչները հարգելու և իրագործելու ցանկությունից և հուսալիությունից:

Ես մեծ հավատ ունեմ անդամակցության գործընթացի առավելությունների հանդեպ և բազմիցս ասել եմ այդ մասին, սակայն ի վերջո հենց Թուրքիան պետք է տեղում առաջընթաց գրանցի՝ դրանով իսկ շահելով ԵՄ քաղաքացիների սրտերն ու մտքերը:

Պետք է իրատես լինել. այս փուլում մենք պետք է առաջ գնանք անդամակցության բանակցություններում, և դա հնարավոր է միայն, եթե Թուրքիան լուրջ ուշադրություն դարձնի օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների ոլորտում առկա թերություններին:

Ձեզ մտահոգո՞ւմ է Թուրքիայում մամուլի և արտահայտման ազատությունների դրությունը:

– Մենք շատ ուշադիր հետևում ենք այս ոլորտում զարգացումներին և տարեկան Առաջընթացի զեկույցներում գնահատում մամուլի ազատության ոլորտում առկա դրությունը:

Ինտերնետի մասին օրենքում վերջին անսպասելի փոփոխությունը, որն ընդունվեց առանց ներգրավված կողմերի հետ որևէ խորհրդակցության, ցավոք, արտացոլում է ընդհանուր առմամբ արտահայտման ազատության հանդեպ սահմանափակող մոտեցումը: Հանձնաժողովն այս առթիվ հայտնել է իր մտահոգությունը. դա միայն ընդգծում է Թուրքիայի և ԵՄ-ի միջև այս հարցերի շուրջ ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Անդամակցության բանակցությունները չեն հանգում պարզապես օրենսդրության աստիճանական համապատասխանեցմանն ու կիրառմանը: Բանակցությունները հիմնված են ընդհանուր արժեքների և օրենքի գերակայության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների ընդհանուր ըմբռնման վրա:

Թուրքիան շարունակո՞ւմ է կարևոր մնալ ԵՄ-ի համար: Ի՞նչ կլինի, եթե Եվրոպան կորցնի Թուրքիան:

– Ինչպես արդեն ասել եմ, Թուրքիան կա և կմնա առանցքային գործընկեր ԵՄ-ի համար: Դա բազմիցս կրկնել են ԵՄ-ի Խորհուրդն ու Հանձնաժողովը, և վստահ եմ՝ դա կլինի առաջիկա Առաջնթացի զեկույցի կարևորագույն ուղերձներից մեկը:

Մեր առաջ ծառացած հիմնական մարտահրավերներից յուրաքանչյուրի դեպքում՝ տնտեսական ճգնաժամից մինչև էներգետիկ անվտանգություն, միգրացիոն քաղաքականություն կամ ահաբեկչություն, Թուրքիան ռազմավարական գործընկեր է Եվրոպական Միության համար և խնդիրների լուծման մի մաս: Սակայն այդ մարտահրավերները հաղթահարելու համար Թուրքիան նույնպես ունի ԵՄ-ի կարիքը: Մեր համագործակցության համար կա մեծ, չիրացված ներուժ:

Այսպիսով՝ անգամ չեմ մտածում Թուրքիան «կորցնելու» մասին: Մենք ունենք այնքան շատ փոխադարձ պարտավորություններ և շահեր: Բարեբախտաբար, հաշվի առնելով մեր համատեղ շահերի ուժը, ես նման սցենար ապագայում չեմ տեսնում:

Մեկնաբանել