Սահմանադրության փոփոխությունից կշահի միայն դրա նախաձեռնողը. հետազոտություն

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն Եվրամիության European Endowment for Democracy կազմակերպության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացրել է սահմանադրակաան փոփոխությունների վերաբերյալ հետազոտություն: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունը ժամանակավրեպ է, և փոփոխություններից կշահի միայն նա, ով դրանք նախաձեռնել է։

Հետազոտությունն իրականացվել է որակական և քանակական հարցումների միջոցով։ Որակական հարցմանը մասնակցել են 36 փորձագետներ, դասախոսներ, դատավորներ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ և այլք։ Քանակական հարցումն իրականացվել է հանրապետության 1300 բնակիչների շրջանում։

Իրականացված որակական և քանակական հետազոտությունների արդյունքում արված բացահայտումներից ՍիվիլՆեթն առանձնացրել է հետևյալը․

– Իշխանությունների համար առաջնահերթությունը վստահության ճգնաժամը հաղթահարելու խնդիրն է, իսկ սահմանադրական փոփոխությունները ժամանակավրեպ են անյքանով, որքանով չկա ձևավորված հասարակական պահանջ։

– Անվստահություն է առաջացնում Սահմանադրության փոփոխությունների գործընթացով զբաղվող հանձնաժողովի կազմը։

– Անհասկանալի են մնում Սահմանադրության փոփոխության պատճառները և իրական նպատակները:

– Փորձագետների մի մասը բացասաբար է վերաբերվում այն փաստին, որ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնվել է նախագահի կողմից և անդամների մեծամասնությունը պետական պաշտոնյաներ են։

– Փորձագետների մեծ մասը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները չեն կարող հաղթահարել երկրի առաջ ծառացած խնդիրները կամ մասնակիորեն լուծել որոշ խնդիրներ։

– Փորձագետների մեծամասնությունը առկա խնդրի լուծումը տեսնում է ռեժիմի, իշխող կարգերի և/կամ հասարակական իրավագիտակցության փոփոխության մեջ:

– Փորձագետների ճնշող մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ սահմանադրական բարեփոխումները չեն կարող լիարժեքորեն լուծել գործող սահմանադրության թույլ կողմերը։

– Ըստ որոշ փորձագետների ՝ սահմանադրական փոփոխությունները կարող են դրական արդյունք ունենալ հետևյալ խնդիրների լուծման գործում․

  • իշխանությունների տարանջատման, հակակշռման, հավասարակշռման խնդիրները,
  • իշխանության իրավունքով սահմանափակման խնդիրները,
  • ընտրական ինստիտուտների նկատմամբ բացասական վերաբերմունքի և հավատի բացակայության խնդիրը,
  • դատական իշխանության անկախության խնդիրը,
  • ընտրակեղծիքների վերացում/քչացում՝ խորհրդարանական համակարգի ներդրման շնորհիվ,
  • իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման խնդիրը,
  • արտաքին և ներքին խնդիրներ՝ սկսած սոցիալ-տնտեսականից, ավարտած քաղաքականով։

– Փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում կշահի նա, ով նախաձեռնել է դրանք, այսինքն՝ իշխանությունները։

Հետազոտության հեղինակներն առաջարկում են նախևառաջ բարելավել ընտրական համակարգը: Քանի որ հանրաքվեն իրականացվելու և արդյունքներն ամփոփվելու են Ընտարական օրենսգրքով սահմանված կարգով, ուստի պետք է վերացնել քվեարկության արդյունքների նկատմամբ կասկած հարուցող հիմքերը, այդ թվում՝ օրենսդրական անհարկի սահմանափակումները, մասնավորապես՝ ստորագրված ցուցակների հրապարակայնացման արգելքը։

Հետազոտությունը կարևորում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ վստահության բարձրացումը, այլապես սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը լուրջ վտանգի տակ կարող է դրվել:

Առաջարկվում է նաև, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը մշակվի անկախ, անկողմնակալ մասնագիտական խմբերի կողմից, որոնք չունեն քաղաքական կաշկանդվածություն:

Հետազոտությունն արձանագրում է, որ քաղաքական ճգնաժամն այն աստիճան է խորացել, որ հնարավոր չէ վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգի նույնիսկ նվազագույն ատրիբուտները։ Այդ պատճառով առավել նպատակահարմար է փոխել կառավարման համակարգը, քան փորձել վերականգնել աղավաղված համակարգը: Խորհրդարանական կառավարման համակարգը ժողովրդավարության խթանիչ ուժ է: Այդ պատճառով անցումը խորհրդարանական կառավարման համակարգին նպատակահարմար է:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ խրոհրդարանական համակարգի անցնելու համար նախևառաջ հարկավոր է ապահովել ընտրական ինստիտուտների լեգիտիմությունը, քանի որ հակառակ պարագայում կրկին կձևավորվի քաղաքական մենիշխանություն՝ կառավարման այլ կենտրոնով։

Ողջունելի չի համարվում նաև նախագահական և խորհրդարանական ընտրությունները նույն օրը անկացնելու առաջարկը, քանի որ դրանց արդյունքները մեծապես կարող են համընկնել։

Մեկնաբանել