ԱՄՀ-ն պատրաստ է լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել կառավարությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը: Վարչապետի խոսքով՝ տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից է ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որը կառավարությունը հետևողականորեն շարունակելու է:

Մարկ Հորթոնը գոհունակություն է հայտնել ԱՄՀ-ի կողմից մեր երկրի համար հաստատված եռամյա նոր ծրագրի առաջին փուլի կատարողականի վերաբերյալ և ընդգծել, որ նախանշված աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, առանց որևէ խոչընդոտի:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին՝ Մարկ Հորթոնն առանձնացրել է հատկապես ավիացիայի և գյուղատնտսության բնագավառներում արձանագրվող հաջողությունները, որոնք կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունք են: Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու և նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Մեկնաբանել