Ղարաբաղյան չինովնիկներն իրենց ավտմեքենաների վրա չեն խնայում:
Ստեփանակերտի քաղաքապետը որոշում է կայացրել քաղաքային տրանսպորտի ուղեվարձն ավելի քան 40 տոկոսով թանկացնելու մասին: Այս որոշումը Ստեփանակերտում ընդունվեց հասարակական բողոքով, այդ թվում՝ հրապարակային բողոքի ակցիաներով: Արցախում հավաքները հազվադեպ հանդիպող երևույթներ են, ուստի տրանսպորտի թանկացման դեմ ուղղված ակցիաներն ավելի արժեքավոր են դառնում: Մի քանի տասնյակ անձինք, հիմնականում երիտասարդներ, իրենց բողոքն են արտահայտել Ստեփանակերտի քաղաքապետարանի, ապա Արցախի կառավարության առջև:
2013թ. հուլիսին Արցախի վարչապետը հայտարարել էր, որ Ստեփանակերտում տրանսպորտը կթանկանա 2014թ. հունվարից: 2014թ. օգոստոսին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարեց հոկտեմբերի 1-ից սպասվող թանկացումների մասին:
Քաղաքի հիմնական երթուղային գծերը սպասարկող «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ-ի բաժնեմասերը 2012թ. Ստեփանակերտի քաղաքապետարանից անցել էին Արցախի ներդրումային հիմնադրամին, որն էլ այժմ տարեկան մոտ 100 մլն դրամի չափով սուբսիդավորում է տրանսպորտային ընկերությանը: Բարձրացնելով տրանսպորտի ուղեվարձը՝ որոշում ընդունողները նպատակ ունեն ուղևորափոխադրող կազմակերպությանը հանել վնասակարության դաշտից:
Թեև «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ-ի հետ տեղի ունեցածը բազմաթիվ կասկածներ է հարուցում, այնուամենայնիվ կարող ենք ընդունել իշխանությունների պնդումներն առ այն, որ ոլորտն աշխատում է վնասով: Այդ դեպքում՝ ինչո՞ւ չշարունակել սուբսիդավորումը (Արցախի ներդրումային հիմնադրամը հիմնականում հանրային միջոցներ է ներդնում տնտեսության մեջ):
Իհարկե, կլինեն հիմնավորված կարծիքներ, որ սուբսիդավորումն արդյունավետ չէ տնտեսական քաղաքականության առումով: Սակայն այստեղ կան բազմաթիվ բայց-եր: Ամենամեծ խնդիրն այն է, որ Արցախի մոտ 80 միլիարդ դրամի հասնող բյուջեում բազմաթիվ շռայլություններ կան, աջ ու ձախ ծախսվող միլիարդավոր դրամներ, որոնք այս կամ այն ձևով սպասարկում են բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսները: Եվ սա քիչ չէ, այդ նույն պաշտոնյաներին իշխանությունները վերածում են հատուկ կաստայի՝ շքեղ ծառայողական մեքենաներով, այդ մեքենաների վրա ծախսվող հսկայական գումարներով: Այս դեպքում հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ ստեփանակերտցիները պետք է քաղաքային թանկ տրանսպորտից օգտվեն, ինչո՞ւ Արցախի բազմաթիվ գյուղեր չպետք է կանոնավոր տրանսպորտ ունենան, իսկ օր օրի ավելացող պաշտոնյաները պետք է երթևեկեն թանկարժեք, թանկ սպասարկում պահանջող մեքենաներով՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերի հաշվին: Ո՞րն է տրամաբանությունը: Ինչո՞ւ 100 մլն դրամ խնայելու համար կառավարությունը չի կրճատում ծառայողական մեքենաների թիվը 15 տոկոսով, այլ լրացուցիչ գումարներ է փորձում պոկել ստեփանակերտցիներից: Կամ ինչպե՞ս են բարձրաստիճան պաշտոնյաները երթևեկում շքեղ ծառայողական մեքենաներով, երբ գյուղական բնակչության մի հատված զրկված է սեփական համայնքը ծառայող տրանսպորտից: Գյուղական վայրերը տրանսպորտով ապահովելու հարցում Արցախի կառավարությունը կրկնում է խորհրդային տարիների հակահայկական քաղաքականությունը:
Այս հարցերը միշտ էլ անպատասխան են մնալու, եթե հասարակությունը չինքնակազմակերպվի և չհզորանա: Միայն ուժեղ հասարակությունն է, որ կարող է ստիպել հանրային միջոցները ծառայեցնել հանրությանը, այլ ոչ թե մի խումբ իշխանավորների: Ստեփանակերտում տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասնակից մի քանի տասնյակ անձինք հենց այդ հասարակության հիմքն են: