Ժողովրդավարության պահանջով ցույցեր Հոնկոնգում

Հոնկոնգի բողոքի այս շարժման խորհրդանիշ է դարձել անձրևանոցը. շատ ցուցարարներ իրենց հետ բերում են անձրևանոցներ` պաշտպանելու 31 աստիճան տապից և արցունքաբեր գազից:

Հոնկոնգում բողոքի ակցիաները չեն դադարում անգամ պետական տոնին. հոկտեմբերի 1-ին նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 65-րդ տարեդարձը: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Պեկինը անցյալ ամիս խոստացել է, որ հոնկոնգցիներին թույլ կտա 2017թ. ընտրել իրենց հաջորդ առաջնորդին: Սակայն ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան այն թեկնածուները, որոնք կստանան պեկինամետ հանձնաժողովի հավանությունը: Հենց սա էլ առաջացրել է ակցիաների մասնակիցների դժգոհությունը: Նրանց խոսքով` դա բացառում է ընտրություններին ժողովրդավարամետ թեկնածուների մասնակցությունը:

Ազատ ընտրությունների պահանջին նախօրեին ավելացել է ևս մեկը` Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի` Լյան Չժենինի հրաժարականը: Վերջինս ցուցարարների այս պահանջը մերժել է և նրանց կոչ է արել աջակցել Պեկինի առաջարկած բարեփոխումներին:

Ելույթ ունենալով պետական տոնի առթիվ` Լյան Չժենինը հայտարարել է, որ Հոնկոնգին անհրաժեշտ է համագործակցել Պեկինի հետ` հասնելու առաջընթացի:

Հոնկոնգում բողոքի ակցիաները շարունակվում են անցյալ շաբաթվանից: Սեպտեմբերի 24-ին ուսանողները բողոքի խաղաղ երթ էին անցկացրել: Լարվածությունն աստիճանաբար սկսել էր մեծանալ: Ցուցարարները սկսել էին զբաղեցնել փողոցներ և հրապարակներ:

Սեպտեմբերի 28-ին ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել էր ռետինե մահակներ և արցունքաբեր գազ, սակայն սեպտեմբերի 29-ին հատուկջոկատայինների ստորաբաժանումները հետ էին կանչվել: Ցուցարարները վերահսկողություն էին սահմանել Հոնկոնգի կենտրոնի նկատմամբ:

Հոնկոնգի բողոքի այս շարժման խորհրդանիշ է դարձել անձրևանոցը. շատ ցուցարարներ իրենց հետ բերում են անձրևանոցներ` պաշտպանելու 31 աստիճան տապից և արցունքաբեր գազից:

Հոնկոնգը բրիտանական նախկին գաղութ է: 1997թ. Մեծ Բրիտանիան Հոնկոնգը վերադարձրեց Չինաստանին` «մեկ երկիր, երկու համակարգ» պայմանով, որը Հոնկոնգին երաշխավորում է ցույցերի իրավունք, ինչից զրկված են մայրցամաքային Չինաստանի բնակիչները: