Օտարերկրյա գործարարները ՌԴ քաղաքացիություն կստանան դյուրացված կարգով

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է օտարերկրյա ձեռնարկատերերին ու ներդրողներին դյուրացված կարգով քաղաքացիություն տրամադրելու մասին կառավարության որոշումը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:

Դյուրացված կարգով քաղաքացիություն տրամադրելու որոշումն ընդունվել է ՌԴ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Փաստաթղթում նշվում են նաև տնտեսական գործունեության այն ոլորտները, որոնց վրա չի տարածվում այս դյուրացված կարգը: Մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացու անձնագիր ստանալու դյուրացված կարգը չի վերաբերի մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերերին և ներդրողներին: Բացի այդ՝ բացառության տակ են հայտնվել տրանսպորտային միջոցների ու մոտոցիկլետների վերանորոգման, հյուրանոցների ու հանրային սննդի, անշարժ գույքի, աշխատանքի տեղավորման, անձնակազմի ընտրության, ինչպես նաև գովազդի, իրավունքի, հաշվապահական հաշվառման հետ կապված գործունեության բնագավառները:

«Այս բացառությունները պայմանավորված են գործունեության համապատասխան ոլորտներում հավելյար ներդրումների պահանջարկի բացակայությամբ»,- ընդգծվում է փաստաթղթում:

Դյուրացված կարգով քաղաքացիություն ստանալու մասին օրենքը Պետդուման ընդունել է այս տարվա հունիսին: Օրենքը վերաբերում է այն ձեռնարկատերերին, որոնք Ռուսաստանի տարածքում բիզնեսով են զբաղվում առնվազն երեք տարի, և նրանց տարեկան եկամուտը 10 մլն ռուբլուց պակաս չէ:

Մեկնաբանել