Հակահայկական փաստաթղթերի ծննդյան պատճառները

paceԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը լիագումար նիստում ընդունել է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով զեկույց պատրաստելու որոշում: Զեկույցի նախագծի բացահայտ հակահայկան վերնագիրը հուշում է դրա բովանդակության էությունը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն անկարող է եղել որևէ բան անել: Փորձենք հասկանալ, թե որոնք են նման փաստաթղթերի ստեղծման հիմնական պատճառները:2013թ. սեպտեմբերի 3-ի՝ Սերժ Սարգսյանի մեկ գիշերում կայացրած որոշումից հետո Հայաստանն արտաքին աշխարհում դարձել է բավական խոցելի: Արևմտյան հանրության մոտ հակահայկական դիրքորոշում պոկելն Ադրբեջանի դիվանագետների և խորհրդարանականների համար մեծ դժվարություն չի ներկայացնում, բավական է Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի «գուբերնիա» և առաջարկել միանալ հակահայկական նախագծերին:Արևմտյան մի շարք կառույցներ և հատկապես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հայտնի են խավիարային դիվանագիտության հետ սերտ առնչությամբ: Տարբեր երկրների պատվիրակությունների անդամներ, Եվրախորհրդի այլ պաշտոնյաներ ադրբեջանական բյուջեի և հիմնադրամների հաշվին այցելում են Բաքու, վայելում արևելյան հյուրասիրություն և նվերներով բեռնված վերադառնում իրենց երկրներ:Հաջորդ պատճառը եվրոպական կեղծ-օբյեկտիվությունն է, կեղծ հավասարակշռություն ստեղծելու եվրոպական հաստատությունների մոլորությունը: Քննադատելով Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների, քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների համար՝ եվրոպացիները փորձում են Բաքվին ռևերանսներ անել Ղարաբաղի հարցում՝ որպես կանոն ծնունդ տալով իրողություններից կտրված, մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնական սկզբունքներին հակասող փաստաթղթերի: Այս ամենի պատճառով էլ Արցախում Եվրոպան նույնացվում է ադրբեջանամետության և կեղծ արժեքների հետ:Իսկ կոնկրետ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով զեկույցի աշխարհ գալու պահով առկա է նաև հայկական կողմի ոչ պրոֆեսիոնալ, անգրագետ գործունեությունը: Առնվազն ծաղր է, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկը վստահվում է Հերմինե Նաղդալյանին՝ դիվանագիտության մեջ փորձ չունեցող և սեփական հասարակության մեջ վարկաբեկված գործչի: Մյուս կողմից ակնհայտ է Ստրասբուրգում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության անարդյունավետ աշխատանքը: 2008-2011 թթ., երբ այդ ներկայացուցչությունը ղեկավարում էր դեսպան Զոհրաբ Մնացականյանը, պատկերը բոլորովին այլ էր, արդյունքներն ակնհայտ էին, չնայած դրանք Հայաստանի համար բարդ տարիներ էին (մարտի 1-ից հետո Հայաստանը քննադատության տակ էր և գտնվում էր մոնիտորինգում):Վերոնշյալ զեկույցի ի հայտ գալը հնարավորություն կտա Ադրբեջանին տեղեկատվական դիվիդենտներ քաղել, ԵԽԽՎ հերթական նստաշրջանից իր հասարակության առջև դուրս գալու որպես ոչ թե քննադատությունների թիրախի կենտրոնում հայտնված բռնապետություն, այլ Արցախի հարցում հաջողության հասած պետություն: Մյուս կողմից այս զեկույցը հերթական անգամ հրապարակ բերեց խորհրդարանական և պաշտոնական դիվանագիտության մեջ ՀՀ ունեցած լուրջ խնդիրները:

Մեկնաբանել