Ծառուկյանը կմասնակցի հանրահավաքին

Լուսանկարը` ՍիվիլՆեթի Լուսանկարը` ՍիվիլՆեթի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք` երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքին: Այս մասին Zham.am-ի հետ զրույցում ասել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ինձ համար առավել քան զարմանալի է որոշ շրջանակների կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղը` հոկտեմբերի 10-ին, չի մասնակցելու հանրահավաքին: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես հանրությանը ապակողմնորոշելու և թյուրիմացության մեջ գցելու անհաջող փորձ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ վաղը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համապետական հանրահավաքին, լինելու հարթակում, լինելու է ժողովրդի կողքին: Բնական է, որ ինչպես միշտ, այնպես էլ վաղը Գագիկ Ծառուկյանը լինելու է ժողովրդի կողքին, դրանում այլ կարծիք լիներ չէր կարող»,- ասել է Տոնոյանը:

Հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովում նախատեսված է եռյակի` «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» նիտսը, որի ընթացքում ակնկալվում է հստակեցում, թե արդյոք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու են կուսակցությունների առաջնորդները:

Եռյակը սեպտեմբերի 25-ից մարզային հանրահավաքներ է անցկացնում Հայաստանի ութ քաղաքում: Մարզային հանրահավաքներին և հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին Հայ հեղափոխական դաշնակցությունը չի մասնակցի, թեև հանրահավաքին կտրվի նաև 12 կետերի վերաբերյալ ՀՅԴ գնահատականը: Կուսակցության որոշումը պայմանավորված է սահմանադրական փոփոխությունների շուրջ իր և քառյակի անդամ մյուս երեք ուժերի միջև առկա տարաձայնություններով: