Վանաձորի քաղաքապետի պատերազմն անկախության դեմ

vanadzor pioneersՎանաձորի քաղաքապետը տեղացի դպրոցականների վզին պիոներական վզկապ է կապել ու հանել փողոց: Նրա պաշտոնական բացատրությունն է՝ պիոներական վզկապը քաղաքի պատմության թատերական դրվագն է: Լավ, թատերական դրվագ է, բայց ո՞ւմ համար: Ինչո՞ւ եք կրթական որևէ նպատակ չհետապնդող պատմությունը հենց հիմա դարձրել թատերական դրվագ: Վզկապը կապեցին, հետո՞: Ձեր՝ պետություն չունեցած երախտագիտությունը ո՞ր պահից այդքան ազատ զգաց իրեն, որ կարող եք այսպես վարվել հազիվհազ անկախ երկրի հետ: Այս հարցերին պատասխանել պետք էլ չէ: Որովհետև սա պատմություն չէ պիոներ Օլեգ Կոշևոյի մասին: Սա պատմություն չէ Տարկովսկու Իվանի մասին: Սա պատմություն չէ երեխաների մասին: Սա պատմություն է Վանաձորի քաղաքապետի և քաղաքային իշխանության, կրթական ամբողջ համակարգի մասին: Սա պատմություն չէ ոչ մի երեխայի մասին, նույնիսկ եթե նա Լենին է ասմունքում: Այստեղ նույնիսկ պավլիկմորոզովություն չկա, որում կարելի էր ենթադրել, թե երեխաները «մատնում» են իրենց հայրերի ձեռքբերման սնանկությունը: Չշփոթվեք: Այս պատմության մեջ երեխաներ չկան: Այս պատմության մեջ կա Հայաստանի Հանրապետությունը սեփական վզկապավոր մանկության հետ չփոխելու ուղիղ խոստովանությունը, որին ծառայեցվում է անկախ պետության սերունդը: Այսինքն, ուզում են ասել, թե անկախության 23-րդ տարում էս երեխաներին ոչինչ չենք սովորեցրել, ըստ այդմ պիոներական վզկապը, որպես անցյալի խորհրդանիշ կարող ենք կապել նրանց վզին: Այսինքն, սա քաղաքապետի պատերազմն է Հայաստանի անկախության դեմ: Ինքն իր մանկությունից դուրս չի եկել: Իր բոլոր նվաճումները մնացել են պիոներական վզկապի մեջ:Եվ այսօր նա Եվրասիական տնտեսական միության էության տակ ԽՍՀՄ է որսացել, նրան թվում է, թե դինոզավրի քայլերով Հայաստանը գնում է Խորհրդային Միություն, շտապում է առաջ ընկնել, ինքը ԽՍՀՄ կառուցողների նավիգացիան է, հիշեցնում է նրանց, որ ինքն էստեղ է՝ Վանաձորում, որ Սովետ մտնելիս իրեն ու իր քաղաքը չմոռանան: Այլ խոսքով, մարդն առաջարկում է Վանաձորը դիտարկել 11-րդ բանակի հաղթական մուտքի բազա: Անունը դրել է քաղաքի պատմության թատերականացում: Ոչ ոք նրան չի ասել, որ պիոներիան քաղաքի պատմություն չէ, եթե միայն քաղաքի ճարտարապետությունը վզկապի տեսքով չէ, կամ Ղարաքիլիսան Կիրովական չի դարձել պիոներների պահանջով: Բայց Կիրովն անգամ պիոներ չի եղել, նա միանգամից եղել է կոմունիստ: Եվ, ընդհանրապես, ո՞րն է այս օրերին պիոներական վզկապով փողոց դուրս գալու իմաստը, որտե՞ղ է այստեղ թատերականացումը: Այդ ի՞նչ քաղաք է, որի ամբողջ պատմությունը նրա երեք անուններն են (Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձոր) ու դա նշելը դրված է իր մանկության մեջ լռված մեկի վրա: Երկար խորանալու կարիք էլ չկա: Այս մարդիկ լրիվ «ինքնավար անընկալունակության» մեջ են, այս մարդկանց մեկ կենտրոնն այլևս իրավիճակի պատասխանատու չէ, այլևս չեն վերահսկվում: Նրանց բոլոր «նախաձեռնություններն» արդեն նույնիսկ չեն էլ թելադրվում, սխալվում են առանց հրահանգի: Որովհետև հրահանգով էլ էին սխալվելու: Տարոն Մարգարյանը Միկոյանի արձան էր ուզում կանգնեցնել: Որովհետև, կյանքը ցույց տվեց, որ այս մարդն իր հոր հետ էլ կռիվ ունի կամ հայրը բոլորովին այլ անցյալ ունի, ոչ այն, ինչ մենք գիտենք: Վանաձորի քաղաքապետի «հոգևոր հայրը» Տարոն Մարգարյանն է, էդ «նավիգացիոնությունը» հենց Տարոնն է հուշել նրան. եթե Երևանում Միկոյանի արձան կարող է կանգնեցվել անկախության 23-րդ տարում, ինչու ինձ մոտ պիոներիան չի կարող փողոց դուրս գալ: Հիշու՞մ եք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի սրբապատկերը: Մարդը Կողբ գյուղում եկեղեցի էր կառուցել և 12 առաքյալներից մեկում պատկերել իրեն: Այս մարդիկ հոգեկան առողջության որևէ փորձաքննություն չեն անցել, նրանք պետական կառավարման ինստիտուցիոնալությունը որպես պաշտոնի օրգանական արտահայտություն չեն յուրացրել: Չէին էլ կարող յուրացնել: Որովհետև իրենց առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, չի յուրացրել: Սուրիկ Խաչատրյանը հենց այդ «ինքնավար անընկալունակության» շրջանակներում նշանակվեց, արդեն չգիտեն, թե ինչ են անում, կամ այն, ինչ գիտեն, արել են միշտ: Այսինքն, նշանակել են, որ ձայներ հավաքի, որ մարզը բռի մեջ պահի: Ահա իշխանության ամբողջ «փիլիսոփայությունը»:

Մեկնաբանել