ՄԳԻՄՕ-ն միջազգայնագետների պատրաստման ամենահեղինակավոր բուհերից է. Նալբանդյան

g_imageԱրտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երկրորդ համաշխարհային ֆորումի բացման հանդիսավոր նիստին՝ բուհի հիմնադրման 70-րդ տարեդարձի շրջանակում։ Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, համաժողովին մասնակցել է 54 երկրից ժամանած շուրջ 1200 շրջանավարտ։

«Շատ բան է փոխվել այն օրվանից, երբ ես ՄԳԻՄՕ էի ընդունվում։ Իսկ դա ավելի քան քառասուն տարի առաջ էր։ Չի փոխվել միանշանակ այն, որ մեր ԲՈՒՀ-ը եղել և մնում է աշխարհում միջազգայնագետների պատրաստման ամենահեղինակավոր, լավագույն ԲՈՒՀ-երից մեկը։ Սակայն մեր ինստիտուտը ոչ թե 40 տարեկան է, այլ մենք նշում ենք այսօր նրա 70-րդ տարեդարձը»,- ասել է Նալբանդյանը` հավելելով, որ յոթ տասնամյակների ընթացքում ՄԳԻՄՕ-ն տվել է հազարավոր ճանաչված դիվանագետներ, պետական, քաղաքական, գործիչներ, գիտնականներ, գործարարներ, լրագրողներ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՄԳԻՄՕ-ի և Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն առաջարկել է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների հաջորդ ֆորումը գալիք տարի անցկացնել Հայաստանում՝ ընդգծելով, որ դա հատկապես խորհրդանշական կլինի, քանի որ նշվելու է Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը, որը մեկն է ՄԳԻՄՕ-ի կազմավորման համար հիմք ծառայած երկու կրթօջախներից։