Տնտեսագիտության Նոբելը՝ ֆրանսիացի Ժան Տիրոլին

Jean TiroleՖրանսիացի տնտեսագետ Ժան Տիրոլը՝ Թուլուզի համալսարանից, դարձել է տնտեսագիտության ոլորտում 2014թ․ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ շուկայական կարգավորման վերլուծության աշխատանքների համար, տեղեկանում ենք մրցանակի պաշտոնական կայքից։

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ժան Տիրոլին անվանել է մեր ժամանակների ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկը։

Նոբելյան կոմիտեի հայտարարությունում ասված է, որ Տիրոլի աշխատանքները թույլ են տվել զգալի բարելավել այն ոլորտների կարգավորումը, որոնցում գերակայում են մի քանի խոշոր ընկերություններ։

Տնտեսաագիտության ոլորտում 2013թ․ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ էին դարձել ամերիկացի գիտնականներ Յուջին Ֆաման, Լարս Պիտեր Հանսենը և Ռոբերտ Շիլլերը՝ «ակտիվների գների էմպիրիկ վերլուծության համար»։

Ալֆրեդ Նոբելի կտակում, որի համաձայն շնորհվում են մրցանակները, տնտեսագիտությունը նախատեսված չի եղել։ Այն սահմանվել է 1968թ․ Շվեդիայի բանկի կողմից՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի։

1969թ. տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը առաջին անգամ ստացել են հոլանդացի Յան Տինգերգենը և նորվեգացի Ռագներ Ֆրիշը՝ տնտեսագիտական գործըթնացներում մաթեմատիկական մեթոդների վերլուծության համար։

Տնտեսագիտության Նոբելյան մրացանկի միակ կին դափնեկիրը ամերիկուհի Էլինոր Օստրոմն է, որը մրցանակին արժանացել է 2009թ.։

21-րդ դարում տնտեսագիտության ոլորտում ամենից շատ մրցանակներ ստացել են ամերիկացիները։

Ավանդույթի համաձայն՝ Նոբելյան դափնեկիրներն իրենց մրցանակները կստանան դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։ Այս տարի Նոբելյան մրցանակի չափը կկազմի 8 մլն շվեդական կրոն՝ $1,2 մլն։