Ուժեղացված հսկողություն Հայաստանի սահմանակետերում` ընդդեմ Էբոլայի ներթափանցման

EBOLA-DOCTORSԷբոլա վիրուսի հնարավոր ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։ Ձեռք է բերվել  անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։

Միաժամանակ` առաջարկվել է գյուղատնտեսության նախարարությանն արգելել վայրի կենդանիների մուտքը հանրապետություն:

Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը կամ Էբոլա հեմոռագիկ տենդը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է:

Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1976-ին Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլա վիրուսն է:

Էբոլա վիրուսը մարդուն փոխանցվում է  հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ): Հիվանդի վաղ հայտնաբերման դեպքում վերջինիս առողջանալու հնարավորությունը մեծանում է: Կա վիրուսի 5 ենթատեսակ, որոնք անջատվել են աֆրիկյան տարբեր բնակավայրերում:

Բուժումն իրականացվում է միայն հիվանդանոցում`  մեկուսացման պայմաններում: Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հատուկ բուժումը բացակայում է: Հիվանդության դեմ առկա չէ պատվաստանյութ: