Ընտանիքի և ամուսնության հարցերը մեկնող կաթոլիկ վարդապետության վերանայման նախապատրաստմանը մասնակցող հոգևորականները եկեղեցուն կոչ են արել ավելի կառուցողական վերաբերմունք որդեգրել միասեռականության հարցում։
Ինչպես հաղորդում է BBC-ն, նախնական զեկույցում, որը եպիսկոպոսները նախապատրաստել են Վատիկանում երկու շաբաթով գումարված սինոդի ընթացքում, ասված է, որ միասեռականները կարող են քրիստոնյաներին առաջարկել կարևոր «ձիրքեր և հատկանիշներ»։
Զեկույցի հեղինակները դեմ չեն հանդես գալիս միասեռ ամուսնությունների նկատմամբ եկեղեցու՝ ավանդաբար բացասական վերաբերմունքին։ Այդուհանդերձ, ԼԳԲՏ (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ) համայնքի որոշ կազմակերպություններ այս փաստաթուղթը գնահատել են որպես կարևոր առաջընթաց գեյերի նկատմամբ եկեղեցու վերաբերմունքում։
Պահպանողական թևի քրիստոնեական կազմակերպությունները զեկույցն անվանել են դավաճանություն։
Հոկտեմբերի 5-ին աշխատանքը սկսած սինոդին մասնակցում է ավելի քան 200 եպիսկոպոս։ Այն գումարել է Հռոմի պապ Ֆրանցիսկը՝ հղիության արհեստական ընդհատումներին, միասեռականությանը և ամուսնալուծություններին վերաբերող հարցերի քննարկման նպատակով։
Հոկտեմբերի 13-ին հրապարակված զեկույցում մասնավորապես ասված է․ «Միասեռականներն ունեն ձիրքեր և հատկանիշներ, որոնք կարող են առաջարկել քրիստոնեական համայնքին․․․ Ունա՞կ ենք մենք ողջունել այդ մարդկանց, երաշխավորել նրանց համար տեղ և եղբայրական վերաբերմունք մեր համայնքներում»։
Հռոմի պապ Ֆրանցիսկի նախորդ Բենեդիկտոս 16-րդը միասեռ հարաբերություններն անվանում էր «բնական խանգարում»։ Նա այս արտահայտությունը կիրառել էր Վատիկանի՝ 1986-ին հրապարակած փաստաթղթում․ Բենեդիկտոսն այդ ժամանակ Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի խորհրդականն էր։
Պապ Ֆրանցիսկը անցյալ տարի Ռիո դե Ժանեյրոյում երիտասարդ կաթոլիկների փառատոնից վերադառնալուց հետո լրագրողներին հայտարարել էր․ «Եթե մարդը փնտրում է Աստծուն և բարի կամք ունի, ո՞վ եմ ես, որ դատեմ նրան»։